«Իրավիճակից ելնելով՝ քննարկումներ են տեղի ունենում, այսօր դեսպաններն են եղել, արտախորհրդարանական ուժերը, նախօրեին վարչապետը հանդիպում է ունեցել նաև խորհրդարանական ուժերի հետ»,- քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
«Ներկայացվել է իրավիճակը, մանրամասներ հայտնել չեմ կարող, նախ՝ հանդիպմանը չեմ մասնակցել, բայց, թերևս, գիտեմ բովանդակությունը, բայց որոշում է կայացվել, որ դա փակ ռեժիմով է, կարող եմ ասել, որ մոտ ապագայում վարչապետը կխոսի նաև հանրության հետ, հանրությանը կդիմի, նաև ինֆորմացիա կտրամադրի ստեղծված իրավիճակի մանրամասների հետ կապված»,- ասաց նա:
Սիմոնյանի խոսքով՝ ինքը չի կարող ասել, թե ինչ ֆորմատով կլինի վարչապետի խոսքը, բայց կլինի:
Լրագրողի հարցին՝ արդյոք խաղաղապահներին Հայաստան բերելու հարց երբևէ քննարկվե՞լ է, կա՞ նման հարց օրակարգում, Սիմոնյանը պատասխանեց.
«Նման հարց չի քննարկվել, ես նման հարցի քննարկման ներկա չեմ եղել: Եղել են ինչ-որ նման ակնարկներ, եղել են խոսակցություններ, բայց պաշտոնական մակարդակով, քննարկման մակարդակով մենք նման հարց չենք քննարկել»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե վարչապետի ուղերձին այսօ՞ր սպասեն, ինչին Սիմոնյանը պատասխանեց.
«Այսօր չէ, մոտ ապագայում: Կան ինչ-որ բաներ, որոնք պետք է հստակեցվեն ինֆորմացիա, որովհետև մենք մշտապես բաց ենք եղել, ու որոշվել է, որ նույնիսկ այս պարագայում մենք մաքսիմալ մեր հանրության հետ բաց ենք լինելու, որովհետև այդ վստահությունը, փոխադարձ կապը շատ կարևոր է այսօր՝ պատերազմի իրավիճակում: Վարչապետի խոսքը վերաբերելու է ամեն ինչին, մեր հասարակությունը պետք է տեղեկացված լինի»:
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու վերաբերյալ ինֆորմացիաներ կան, Ալեն Սիմոնյանը դիմելով հանրությանը՝ ասաց, որ չհավատան նման լուրերին:
«Նման հիմար ստեր տարածողները պատժվելու են, և այսօր մի 3 էջ ունեցող մի հեղինակ բացահայտվել է և պատասխանատվության է ենթարկվելու: Մի հավատացեք որևիցե բանի, մենք հետևում ենք ամեն ինչին, մենք Ադրբեջան չենք, դուք ամբողջ ինֆորմացիան իմանալու եք, մեր հանրության հետ մենք խոսելու ենք, և վարչապետը մոտ ապագայում դա կանի»,- ասաց Սիմոնյանը:
Լրագրողի հարցին, թե ՌԴ-ի նախաձեռնությամբ արտաքին գործերի նախարարների հանդիպումը տեղի ունեցավ, սակայն հրադադարի ռեժիմը խախտվեց, սրանից հետո Ռուսաստանի հայտարարությունները որքանո՞վ են ձեզ համար գոհացուցիչ, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց.
«Ի հեճուկս այն սին հայտարարություններին, թե ինչ-որ հարաբերությունների հետ կապված բան կա, այսօր մեր և Ռուսաստանի Դաշնության հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակում, և կարող եմ ասել, որ համագործակցությունը, փոխըմբռնումը, իրավիճակի սթափ գնահատումը, թերևս, կա գրեթե բոլոր գործընկերների հետ, այդ թվում՝ նաև Ռուսաստանի հետ, որը շատ կարևոր է այսօր»: