: Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) լույս տեսնող The National պարբերականը նոր վկայություններ է ներկացրել Ադրբեջանի կազմում կռվող սիրիացի զինյալների մասին:
«Լեռնային Ղարաբաղում գտնվող Թուրքիայի սիրիացի զինյալները հարցնում են. ինչո՞ւ ենք այստեղ» վերնագրված հոդվածում պարբերականը զրուցել է զինյալներից մեկի հետ, որը «սարսափած ձայնով» էր խոսում:
Նա, մասնավորապես, ասել է.
«Մենք այնքան մարդ ենք կորցրել, որ չեմ կարող նույնիսկ հաշվել»:
«Չգիտեմ, թե այստեղ ինչ ենք անում»:
«Թուրքերը մեզ այնպիսի իրավիճակի մեջ են դրել, որ չենք կարող այստեղից փախչել»:
Երեք երեխաների հայր Իբրահիմը The National-ին պատմել է, որ ադրբեջանական զորքերը իրենցից մի քանի կիլոմետր ետ մնում եւ իրենց աջակցում են միայն թուրքական ԱԹՍ-ները:
«Սուլթան Մուրադի բրիգադ» խմբավորման անդամ Իբրահիմն ասել է, որ իրենք տեղակայված են Իրանի սահմանին մոտ: Նրա հաշվարկով, մոտ 3 000 սիրիացի զինյալ է կռվում Ղարաբաղում:
«Միայն ուրբաթ օրը 6 զոհ ունեցանք եւ 30 վիրավոր, որոնց ստիպված էին Բաքու տեղափոխել»:
Նյութի աղբյուր՝ Մեդիամաքս