Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճգնաժամային իրավիճակներում (պատերազմ լինի, զանգվածային անկարգություններ լինի, համաճարակներ, բնական և տեխնոգեն աղետներ ևն) մարդկանց մոտ կտրուկ աճում է ինֆորմացիա ստանալու պահանջը։
Ու եթե իր ուզած ծավալով, իր ուզած որակի ինֆորմացիա սովորական տեղերում չի գտնում, սկսում է դրանք փնտրել այլուր։
Պատերազմի ժամանակ «տեղեկատվական վակուումը» վտանգավոր է այնքանով, որ թշնամին կամ թեկուզ այլ խաղացողներն իրենց շանսը չեն կորցնի այն լցնելու իրենց ինֆոյով։
Պատերազմի ժամանակ, եթե դու արագ չես պատասխանում քո լսարանին հուզող հարցերին, չես մատակարարում անհրաժեշտ ծավալով թեկուզ տհաճ, բայց ստույգ նորություններ, ապա թշնամին միշտ հաճույքով ստանձնում է տհաճ ինֆորմացիայի աղբյուրի դերը և ինչ-որ պահից լսարանդ սկսում է ավելի շատ թշնամու տված ինֆոյին վստահել, քան իր պետության աղբյուրներին։
Իսկ դա, ինչպես հասկանում եք, ահավոր վատ հետևանքներ կարող է ունենալ»։