Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական «ZDF» հեռուստաալիքին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև՝
— «Երբ մի ժողովուրդ կանգնած է ցեղասպանության սպառնալիքի առաջ» — Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպես է նկարագրում Լեռնային Ղարաբաղում ներկայիս իրավիճակը
— Գիտեք, երբ մի ժողովուրդ ցեղասպանության վտանգի ներքո է, և որն իր պատմության մեջ տեսել է ցեղասպանություն՝ ես խոսում եմ 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանության մասին, որին զոհ գնաց 1,5 մլն հայ, և գործնականում Արևմտյան Հայաստանն ամբողջությամբ էթնիկ զտման միջոցով ազատվեց հայերից: Եվ, իմիջիայլոց, կարծում եմ, որ Թուրքիան 100 տարի անց տարածաշրջան է վերադարձել՝ հայերի ցեղասպանությունը շարունակելու համար: Ընդ որում՝ ցեղասպանությունը շարունակելը ոչ միայն էմոցիոնալ վրեժի կամ հայատյացության արդյունք է, այլև Հարավային Կովկասի հայերը Թուրքիայի ճանապարհին վերջին խոչընդոտն են՝ շարունակելու իրենց էքսպանսիան դեպի հյուսիս, դեպի արևելք և դեպի հարավ-արևելք: Ահա այս պայմաններում, երբ ցեղասպանության վտանգի առաջ է կանգնած ժողովուրդը, ինքը չի ասում՝ իմ ռեսուրսները բավարա՞ր են, թե՞ բավարա՞ր չեն, ցեղասպանվե՞ն, թե՞ չցեղասպանվեն:
Փորձ է արվում Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկել և հայերին դուրս մղել այնտեղից, ոչնչացնել հայությանը: Այստեղ սկզբունքային նշանակություն ունի ռազմական գործողություններում Սիրիայից վարձված ահաբեկիչների մասնակցությունը, որոնք հավաքագրվել և Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմելու համար Ադրբեջան են բերվել Թուրքիայի կողմից:
-Հայաստանի վարչապետը նախազգուշացնում է էսկալացիայի վտանգի մասին, եթե Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը միջազգային հանրության կողմից լուրջ չընդունվի: Նա խոսում է 3-րդ համաշխարհային պատերազմի սպառնալիքի մասին
-Եթե միջազգային հանրությունը պատշաճ ձևով չարձագանքի, այս պատերազմը կարող է ընդլայնվել մեր տարածաշրջանում՝ դեպի ավելի մեծ տարածաշրջան: Միջազգային հանրությունը պետք է շատ լուրջ վերաբերվի այս իրավիճակի: Հակառակ դեպքում մենք կարող ենք կանգնել 3-րդ համաշխարհային պատերազմի սպառնալիքի առաջ: Որովհետև՝ ասել եմ և էլի չեմ զլանա ասել, եթե միջազգային հանրությունը, մասնավորապես, Եվրոպան այս իրավիճակին պատշաճ չարձագանքի, հարկ է ոչ հեռավոր ապագայում Թուրքիային սպասել Վիեննայի մերձակայքում: Էլի պետք է պատմությանը հղում անենք՝ ինչպես եղել է արդեն անցյալում:
-Հայաստանի վարչապետը կոմպրոմիսի պատրաստակամություն հայտնում է, բայց հարցականի տակ է դնում՝արդյոք այդ պատրաստակամությունը փոխադա՞րձ է
-Կոմպրոմիսը հնարավոր է այն պայմաններում, եթե կողմերը պատրաստ են կոմպրոմիսի: Ադրբեջանը պատրաստ չէ: Տեսեք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները նախագահների մակարդակով՝ Դոնալդ Թրամփ, Էմանուել Մակրոն և Վլադիմիր Պուտին, հայտարարություն են ընդունում և կոչ են անում անհապաղ դադարեցնել կրակը: Հայկական կողմերը ողջունում են այդ հայտարարությունը: Ադրբեջանը չի արձագանքում որևէ կերպ: Իսկ Թուրքիան հայտարարում է, որ հույս ունի, որ Ադրբեջանը չի դադարեցնի ռազմական գործողությունները, որից հետո Ադրբեջանը հայտարարում է, որ ռազմական գործողությունները կդադարեցնի միայն, այսպես ասած, Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիայից հետո:
Եվ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճանաչումը, այո՛, կարող է դառնալ այս իրավիճակից ելք:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 10-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 162 անօդաչու թռչող սարք, 508 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 4369 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 415 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը պարբերաբար և տարբեր ուղղություններով շարունակում է հրետակոծությունը։