Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մենք պատրաստ ենք ճանաչել Արցախի անկախությունը». Ադամ Շիֆ

Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, որ եթե Բաքուն և Անկարան հակամարտությունը խաղաղ կարգավորելու փոխարեն շարունակեն այս բռնությունը, ապա իրենք պատրաստ են ճանաչել Արցախի անկախությունը, գրում է Asbarez-ը:

«Ես հույս ունեմ, որ ԱՄՆ-ն պետք է հստակ բացատրի Ադրբեջանին և Թուրքիային, որ եթե նրանք հակամարտությունը խաղաղ կարգավորելու փոխարեն շարունակեն այս բռնությունը, ապա մենք պատրաստ ենք ճանաչել Արցախի անկախությունը»,- ասել է Շիֆը՝ խոստանալով աշխատել միջազգային համայնքի հետ արդյունքի հասնելու համար:

Շիֆը նման հայտարարություն է արել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի հետ Արցախում շարունակվող հակամարտության մասին զրույցի ժամանակ:

«Մենք քննարկել են Ադրբեջանի շարունակական ռազմական արշավը, որին աջակցում են Թուրքիան և նրա կողմից Սիրիայից բերված օտար վարձկանները, և որը դարձել է հարյուրավոր մարդկանց մահվան, Արցախի բնակիչներից կեսի տարհանման պատճառ: Մենք քննարկել ենք նաև Ադրբեջանի կողմից Շուշի քաղաքի պատմական արժեք ներկայացնող Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրիթռակոծումը»,- նշել է կոնգրեսականը:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով ԱՄՆ-ը տասնամյակներ շարունակ աջակցել է Լեռնային Ղարաբաղի շուրջ առաջացած վեճի խաղաղ, դիվանագիտական և բանակցային լուծումներին: Շիֆը նշել է, որ իրենք պահպանել են այդ քաղաքականությունը, նույնիսկ երբ Ադրբեջանը անհամար հարձակումներ է իրականացրել և նրանց նախագահը հաճախակի սպառնացել է պատերազմով՝ շփման գծի փոփոխությանն ուժով հասնելու համար:

«Նախագահներ Ալիևը և Էրդողանը պետք է հասկանան, որ իրենք չեն կարող լուծել տասնամյակներ շարունակվող սահմանային վեճը՝ բնակիչների դեմ անխնա ուժ գործադրելով: ԱՄՆ-ը գործունայն չի կանգնի, երբ նրանք փորձեն դա անել: Այս վեճի միակ լուծումը կարող են լինել բանակցությունները, այլ ոչ թե հայ խաղաղ բնակիչների վրա անձրև պես թափվող հրթիռները և ռումբերը»,- հավելել է Ադամ Շիֆը:

Նա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել: Նա նաև նշել է, որ Սպիտակ տունը պետք է դատապարտի Անկարային և Բաքվին՝ տարածաշրջանի կայունությանը և անվտանգությանը սպառնալու համար:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 8-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 145 անօդաչու թռչող սարք, 496 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4069 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 361 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Please enter a valid URL