Search
Close this search box.

Էրդողանի Թուրքիան ծաղրում է ՌԴ-ին և ԱՄՆ-ին․ Le Monde

Ֆրանսիական Le Monde պարբերականի վերլուծաբան Ալեն Ֆրաշոնը հոդված է հրապարակել այն մասին, որ Թուրքիայի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակմանը փաստում է, որ Թուրքիան՝ որպես միջին գերտերություն, կարողանում է զսպել ռուսական և ամերիկյան ծանրաքարշ գերտերություններին։ Այս մասին գրում է Inopressa.ru կայքը։

«Ո՞ւր է ամերիկյան առաջնորդությունը, երբ ՆԱՏՕ-ի անդամներից մեկը՝ Թուրքիան՝ առանց իր դաշնակիցներին տեղյակ պահելու, Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններ է հրահրում։ Ո՞ւր է Ռուսաստանի առավելությունն իր ավանդական ազդեցության գոտում, երբ նախկին սովետական միության երկրներից մեկն՝ Ադրբեջանը, Թուրքիայի օգնությամբ հարվածում է Հայաստանին։ Տարածաշրջանային գերտերություն հանդիսացող Էրդողանի Թուրքիան ծաղրում է Կրեմլին և Սպիտակ տանը, Պուտինին և Թրամփին։

Ո՞րն է Բաքվի նպատակը․ Փորձե՞լ վերադարձնել տարածքների մի մասը, որը նախորդ դարում ռազմական գործողությունների արդյունքում պարտվել է։ Վերսկսե՞լ միջազգային բանակցություններ՝ Լեռնային Ղարաբաղի ստատուսի մասին»։

Վերլուծաբանն ընդգծում է, որ Ռուսաստանը բարեկամական հարաբերություններ ունի թե Երևանի, թե Բաքվի հետ․ «ՌԴ-ին մշտապես հաջողվել է կանխել ռազմական գործողությունները, երկու կողմերն էլ լսել են, սակայն այս անգամ Ադրբեջանն ունի այլ դաշնակից՝ ի դեմս Թուրքիայի։ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործը դարձել է Թուրքիայի նախագահի գործը»։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա վերլուծաբանը նշում է․ «ԱՄՆ Կոնգրեսում, որը 20-րդ դարում Թուրքիայի կողմից իրագործված Հայոց Ցեղասպանությունն անվանել է Ցեղասպանություն, դժվար թե դրական վերաբերվեն ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հարձակմանը Լեռնային Ղարաբաղի հայերի վրա։ Սակայն, այն պահից սկսած, երբ ԱՄՆ-ում համարեցին, որ Թուրքիայի ներկայությունը ՆԱՏՕ-ում արդարացնում է իրենց համբերությունն Էրդողանի բոլոր գործողությունների նկատմամբ, վերջինիս մոտ գործողությունների լիովին ազատության զգացում առաջացավ և սկսեց իր նվաճողական ամբիցիաների բավարարմանն ուղղված գործողություններ։ ԱՄՆ-ն, բնական է, անհանգստություն է հայտնում, բայց, ընդհանուր առմամբ, դեմ չէ»։

Ֆրաշոնը եզրահանգում է, որ 1956 թվականին, երբ ԱՄՆ նախագահ Էյզենհաուերը՝ ԽՍՀՄ համաձայնությամբ, հրահանգեց բրիտանացիներին, ֆրանսիացիներին և իսրայելցիներին դադարեցնել ռազմական գործողությունները Եգիպտոսի նկատմամբ, նրան լսեցին։ 1990-ականների սկզբին, երբ Բալկաններում ԱՄՆ-ն խաղաղություն հաստատեց՝ Մոսկվայի համաձայնությամբ, նորից թնդանոթները լռեցին․ «Այսօր միջին քաշային Էրդողանն ուղղակի ծաղրում է Պուտինին և Թրամփին»։

Please enter a valid URL