Search
Close this search box.

Արցախը տվեց բանալին. նոր կոալիցիա

Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը միջազգային հանրությանն արել է հակաահաբեկչական կոալիցիա ստեղծելու կոչ: Այդ կոչը հնչել է այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արցախ եւ խորհրդակցություն անցկացրել ռազմա-քաղաքական ղեկավարության հետ, քննարկելով նաեւ հակաահաբեկչական նոր թիրախները խոցելու հարցեր:

Հայկական զինուժը Արցախի սահմանին իրականացնում է հակաահաբեկչական օպերացիա եւ դա այլեւս միջազգային հանրության մակարդակով, առնվազն Մինսկի խմբի երեք համանախագահների եւ հարեւան Իրանի մակարդակով ճանաչված փաստ է:

Հայկական զինուժը պայքարում է Կովկաս ներթափանցած միջազգային ահաբեկության դեմ, ու դա այն է, որը թույլ է տալիս խոսել աշխարհի հետ ներդաշնակ, նույն լեզվով: Արցախի չճանաչված հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը առաջարկում է խոսելուց բացի անցնել «նույն լեզվով» գործելու:

Մեծ հաշվով, այդ հանգամանքի տողատակում է արցախյան հարցի եւ միջազգային քաղաքականության համատեքստում դրա բնույթը փոխելու հեռանկարը: Եթե Թուրքիան փորձում է փոխել հակամարտության բնույթը ըստ իր հայեցողության, ապա հայկական կողմն էլ սկսում է կառուցել իր ռազմավարական հեռանկարները:

Ըստ էության, արձանագրած լինելով փաստը, որ Թուրքիան ռեգիոն է «ներգրավել» միջազգային ահաբեկչական խմբավորումների գրոհայինների, Մինսկի խմբի համանախագահ երկրները կանգնում են որոշակի սահմանագծի՝ կամ նրանք թույլ են տալիս Թուրքիային մարսել այդ հանգամանքը, այլ կերպ ասած՝ դառնում են ահաբեկության գործակից, կամ շարունակելով արցախյան հարցում իրենց միջնորդական առաքելությունը, նրանք անուղղակիորեն, սակայն դառնում են միջազգային ահաբեկության դեմ յուրօրինակ եռյակ կոալիցիա:

Անշուշտ, բուն իմաստով դա իհարկե բոլորովին հեռու է այդպիսի դասավորությունից ու պատկերից, խնդիրը սակայն այն է, որ Արցախի դեմ ահաբեկչական պատերազմը փոխում է այն հողը, որի վրա խարսխվել է խաղաղարար միջնորդական ջանքը: Եվ արձանագրելով Թուրքիաի ապակառուցողական եւ ահաբեկչական սադրանքը, այդ երկրները փաստացի ընդունում են նաեւ, որ դա փոխում է այն հողը, որի վրա էր կառուցվել խաղաղ գործընթացը՝ հիմա այն հակաահաբեկչական գործընթաց է:

Ընդ որում, հենց այդ հողի փոփոխությունն էր թերեւս, որ Անկարային ստիպեց շտապել բարձրաձայնել Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափ մտնելու ցանկության մասին, ձգտելով ահաբեկչական հողից ակնարկել միջնորդական հող տեղափոխվելու պատրաստակամության մասին: Մյուս կողմից, սակայն, ակնառու է, որ Թուրքիան ներկայում ահաբեկիչ է, ոչ թե միջնորդ: Կարո՞ղ է փոխել վարքը: Հայկական կողմը ռազմադաշտում լուծելով իր խնդիրը, աշխուժորեն սկսել է նույնն անել քաղաքական դաշտում:

Արցախի նախագահի հայտարարությունը՝ հակաահաբեկչական կոալիցիայի մասին, տալիս է որոշակի բանալի այն երկրներին, որոնք Արցախից ու Հայաստանից բացի հայտնվում են ահաբեկչական սադրանքի ռիսկի գոտում: Իսկ դա գործնականում բոլոր երկրներն են, առանց բացառության, եւ անկախ՝ հարեւան են ռեգիոնին, թե ոչ:

Պետք չէ ունենալ պատրանք կոալիցիոն որեւէ արագ ձեւաչափի առնչությամբ, սակայն ներկայում խնդիրն անշուշտ իրական քաղաքականության ռեժիմում տրամաբանության վերափոխման դաշտում է, որին ձեռնամուխ է լինում հայկական կողմը:
lragir.am

Please enter a valid URL