Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը անցկացրել է հեռախոսազրույց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը, այդ մասին լրագրողներին հայտնել է ԳԴՀ կառավարության ներկայացուցիչ Ուլրիք Դեմերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Կանցլերը մտահոգություն է հայտնել շարունակական բախումների եւ զոհերի թվի աճի կապակցությամբ: Նա ընդգծել է, որ բոլոր երկրները պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները եւ վերսկսեն բանակցությունները»,-հայտնել է Դեմերը: «Նա բոլոր առումներով սատարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ եւ Ֆրանսիա) հոկետմբերի 1-ին արված հայտարարությունը»,-նշել է ԳԴՀ կառավարության ներկայացուցիչը:
Մերկելը նաեւ հանդես է եկել հանուն թշնամական կողմերի միջեւ հումանիտար դադարի համաձայնության կոչով ռազմական գործողությունների գոտուց զոհված զինվորների դիերը դուրս բերելու համար: