Հայկական բանակը այսօր անցել է հակահարձակման եւ մի քանի ուղղությամբ ուժեղ հարվածներ հասցրել հակառակորդին, ուղերձում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից ի վեր մինչ այժմ փաստացի առաջին անգամ է, երբ հակահարձակման եւ ուժեղ հարվածների մասին ազդարարվում է վարչապետի ուղերձով:
Այդ հանգամանքն առավել առանձնահատուկ է դարձնում նույն օրն առավոտյան Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունն ու քայլը: Հայտարարելով, որ հասել է վերջին մարտի պահը եւ կոչ անելով բոլորին կանգնել ի պաշտպանություն հայրենիքի, նա հատուկջոկատայինների հետ մեկնել է առաջնագիծ:
Անկասկած է, որ այդ քայլը լոկ ռազմական չէ, այլ նաեւ քաղաքական: Այդպիսով, հոկտեմբերի 3-ին հայկական երկու պետությունների ղեկավարները հղում են հաջորդական ազդակներ մեկ ամբողջության մեջ՝ հայկական կողմն ունի մեկ նպատակ, եւ այն հաղթանակն է:
Հայկական բանակը կոտրում է ռեգիոն ներթափանցած միջազգային ահաբեկության ողնաշարը, դրա հետ մեկտեղ Ադրբեջան պետության արհեստական կոնցեպտը, որի քայքայումը պետք է շարունակվի հակաահաբեկչական գործողությունների ավարտից հետո էլ՝ ռազմական արդյունքի վրա քաղաքական-դիվանագիտական կապիտալիզացիայով:
Միեւնույն ժամանակ, այդ հանգամանքը ոգեւորության կամ առավել եւս էյֆորիայի առիթ չէ, մարտահրավերները նոր աշխարհում գեներացվելու են, մինչ կձեւավորվի նոր աշխարհակարգ ամբողջապես, միջազգային հարաբերությունների նոր տրամաբանությամբ ու սկզբունքներով: Սա համաշխարհային ռազմա-քաղաքական կատակլիզմների ժամանակաշրջանն է, որտեղ մեզանից որպես պետություն ու ժողովուրդ պահանջվելու է մշտական զգոնություն, վճռականություն, սթափություն, քաղաքական զարգացումներին համարժեքություն:
Հայկական բանակը գործում է այդ հատկանիշների վրա: Դրանք պետք է փոխանցվեն հայկական հանրությանը:
lragir.am