Կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել Արցախի անկախությունը, որը Արցախի ժողովրդի անվտանգության ու կյանքի իրավունքի, նաև ռեգիոնալ կայունության միակ գրավականն է: Այդ հայտարարությունը հոկտեմբերի 3-ին տարածել է Արցախի արտգործնախարարությունը:
Այսօր վերջին մարտն է, ես գնում եմ հայրենիքի համար մարտի իմ բաժինը տալու, ժողովրդին հղած ուղերձով առաջնագիծ է մեկնել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հատուկջոկատայինների հետ միասին: Դա արտառոց քայլ է, ինչը խոսում է իրավիճակի իսկապես վճռորոշ լինելու մասին:
Թուրք-ադրբեջանական գրոհային, ահաբեկչական զույգը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի հյուսիսի և հարավի ուղղությամբ, ինչը հնարավոր է փաստորեն արձանագրել սեպտեմբերի 27-ի գրոհին հաջորդած երկրորդ ալիքը: Այսօր վճռվում է ոչ միայն բոլորիս, այլև տարածաշրջանի ճակատագիրը, հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում:
Կասկածից վեր է, որ ոչ միայն այսօր, այլ պատերազմի հենց առաջին իսկ պահից դրված է ոչ միայն Հայաստան-Արցախ, այլ տարածաշրջանային անվտանգության և ռազմա-քաղաքական հեռանկարի հարցը, որտեղ Թուրքիան փորձում է կատարել հիմնահատակ ավերածություն, հետո արդեն սեփական ճարտարապետությամբ կառուցելու մտադրությամբ:
Եվ ավելին, դա արդեն լոկ ռեգիոնալ անվտանգային ճարտարապետության հարց չէ, այլ միջազգային անվտանգային համակարգի: Այստեղ է, որ Արցախի ճանաչումը Արցախի ժողովրդի անվտանգության նախադրյալ լինելով հանդերձ, ըստ էության միջազգային անվտանգության նախադրյալ է: Որքան ուշ հասկանան այդ իրողությունը միջազգային անվտանգության առանցքային դերակատարները, այնքան ավելի խորն է ներթափանցելու Թուրքիան այդ անվտանգային համակարգ:
Հյուսիսից և հարավից գրոհը Արցախի վրա չէ միայն, պարզապես առայժմ Արցախը և հայ ժողովուրդն են կանգնած այդ գրոհի առաջ և կասեցնում այն:
1in.am