Վրաստանի նախագահը Հայաստանի և Ադրբեջանի իշխանությանը երկխոսություն սկսելու և հրադադարի կոչ է անում: Այս մասին Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է Վրաստանի անվտանգության խորհրդի ավարտից հետո, փոխանցում է 1tv.ge-ն։
«Ցանկանում եմ ողջ վրացական հասարակության անունից խորը մտահոգություն հայտնել այն զոհերի համար, որոնք այս հակամարտության հետևանքով ունեն մեր հարևան երկրները: Ցանկանում եմ դիմել մեր երկու հարևան և բարեկամ երկրների նախագահներին, իշխանությանը, որ որքան հնարավոր է՝ արագ վերականգնվի նրանց միջև երկխոսությունը, ցանկանում եմ իրավիճակի կայունացման և հրադադարի կոչ անել: Սա մեր երեք երկրների գլխավոր ընդհանուր շահն է, որպեսզի այս տարածաշրջանին վերադարձնեն կայունություն, խաղաղություն և դրա հսկայական տնտեսական դերն աշխարհի համար: Սա մեր համատեղ ձեռքբերումն է, և սա այն է, որին մենք պետք է զգուշորեն վերաբերենք: Ցանկանում եմ դիմել նաև Մինսկի խմբի և դրա համանխագահներին, ովքեր այս հակամարտության նկատմամբ ունեն առանձնահատուկ պատասխանատվություն, որ մենք պատրաստ ենք, Թբիլիսին լինի այն վայրը, որտեղ հնարավոր կլինի, վարել ցանկացած բանակցություն: Մենք ամեն բանի պատրաստ ենք, ինչը ցանկալի կլինի կողմերի համար»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:
Վրաստանի նախագահի հայտարարությամբ՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը նաև Եվրամիության շահերում է:
«Ցանկանում եմ նաև դիմել Եվրամիությանը. Մենք՝ այս տարածաշրջանի երեք երկրներս, Արևելյան գործընկերության երկրներ ենք: Եթե դրացիությունը որևէ նշանակություն ունի, և ես վստահ եմ, որ ունի, այսօր մեր տարածաշրջանում կայունությունը, խաղաղությունը Եվրամիության շահերում է:
Նա նաև իր ուժերը պետք է ուղղի խաղաղության և իրավիճակի լիցքաթափման համար: Մեկ անգամ ևս ցանկանում եմ կրկնել՝ սա մեր, երեք երկրների և մեր քաղաքացիների ընդհանուր նպատակն է: Մեզ համար չկա ավելի կարևոր բան, քան խաղաղությունը և կայունությունը»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին: