Այսօր վճռվում է ոչ միայն բոլորիս, այլեւս տարածաշրջանի ճակատագիրը, հոկտեմբերի 3-ին գրառում է արել ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Հոկտեմբերի 3-ի վաղ առավոտից Թուրքիայի հրահրումով պատերազմ սանձազերծած Բաքուն լայն հարձակման է անցել Արցախի հարավի եւ հյուսիսի ուղղությամբ, ընթանում են մարտեր, որոնք ըստ տեղեկությունների ամենամասշտաբայինն են 94 թվականի հրադադարից ի վեր:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է հատուկ ջոկատայինների շարքում առաջնագիծ մեկնելու եւ վերջին մարտը տալու մասին:
Թուրք-ադրբեջանական ահաբեկչա-ռազմական հարձակումը գագաթնակետին է հասնում նախօրեին դիվանագիտական գործընթացների ինտենսիվ զարգացումից հետո, երբ գործնականում բոլոր ուժային կենտրոնները ճանաչեցին ռեգիոն ահաբեկիչներ տեղափոխելու թուրքական քայլը:
Նախօրեին տեղի ունեցան մի քանի հատկանշական իրողություններ: Մասնավորապես, Ժնեւում հանդիպել եւ արցախյան գոտում պատերազմական իրավիճակն են քննարկել ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշեւն ու Թրամփի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Օբրայանը:
Միեւնույն ժամանակ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը, որը երրորդն է թուրք-ադրբեջանական ահաբեկչա-ռազմական ավանտյուրայից հետո:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում թաքֆիրական ահաբեկիչների ներկայությունը սպառնալիք է՝ ուղղված խաղաղությանն ու անվտանգությանը: Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահի միջազգային հարցերով խորհրդական Հոսեյն Ամիր Աբդոլահյանը: Նա հայտարարել էր, որ «Իրանի սահմանների կատարյալ անվտանգության պահպանումը Թեհրանի կարևորագույն առաջնահերթությունն է, և այս հարցով Թեհրանը բացառություն չի անելու որևէ երկրի համար»: Դա Իրանի բավականին կոշտ զգուշացումն է Ադրբեջանին եւ Թուրքիային:
Այդ ֆոնին թուրք-ադրբեջանական տանդեմը անցնում է լայնածավալ նոր հարձակման, գործնականում խտրություն չդնելով նաեւ միջոցների հարցում: Արծրուն Հովհաննիսյանը գրառում է արել, որ քաղաքացիական բնակչությանը թիրախավորելուց բացի, ահաբեկիչները թիրախավորում են նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքները, որոնց հարվածը կարող է բերել նաեւ բնապահպանական աղետի:
Ակնառու է, որ Էրդողան-Ալիեւ տանդեմը շտապում է: Հայտնի է դարձել, որ հոկտեմբերի 5-ին Անկարա է մեկնում ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը: ՆԱՏՕ-ն պետք է վերաբերմունք արտահայտի իր անդամի ահաբեկչական քաղաքականության նկատմամբ: Թուրքիան անցել է կարմիր գիծը՝ նախօրեին հայտարարել էր նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Հայտնի է դարձել նաեւ, որ հոկտեմբերի 3-ին Անկարա է մեկնում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի տեղակալ Ֆիլիպ Ռիքքերը: Պետքարտուղար Պոմպեոն հայտարարել էր, որ անթույլատրելի է արցախյան հակամարտության լարումն ու լարվածության միջազգայնացումը:
Արցախի արտգործնախարարությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը՝ ճանաչել Արցախի անկախությունը, քանի որ դա է Արցախի ժողովրդի անվտանգության եւ ռեգիոնալ խաղաղության հասնելու գրավականը: