Թշնամին որքան շատ է ոչնչանում և զգում, որ մեր ոգու առաջ դատապարտված է կործանման, այնքան ավելի ագրեսիվ է դառնում խաղաղ բնակչության նկատմամբ՝ հեռվից հրետակոծելով քաղաքներն ու գյուղերը:
Այստեղ ևս պետք է լինենք ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ, ՈՒԺԵՂ և ԱՌԱՆՑ ԽՈՒՃԱՊԻ…
Անհրաժեշտության դեպքում պետք է պատրաստ լինենք «Օդային տագնապ» ազդանշանին:
և պահպանենք անվտանգության անհրաժեշտ կանոնները:
Այդ նպատակով Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունը ներկայացնում է իրազեկող և ուղղորդող տեղեկություններ՝ ի՞նչ անել «Օդային տագնապ» ազդանշանի ժամանակ:
Ինֆորմացիան վերցված է ՀՀ ԱԻՆ կայքից, ունի ուսուցողական նպատակ:
«ՕԴԱՅԻՆ ՏԱԳՆԱՊ»
«Օդային տագնապ» ազդանշանի դեպքում էլեկտրաշչակների միջոցով տրվում է ընդհատվող (տատանվող) ձայնային ազդանշան՝ 2-3 րոպե տևողությամբ։ Բջջային հեռախոսներով տրվելու են կարճ հաղորդագրություն՝ «Օդային տագնապ». պատսպարվել պաշտպանական կառույցներում
Անհրաժեշտ է հիշել, որ
Տանը գտնվելիս
Մինչ բնակարանը լքելը անհրաժեշտ է անջատել գազամատակարարումն ու էլեկտրասնուցումը, փակել ջրի ծորակները, հագնվել, հագցնել երեխաներին ու ծերերին, վերցնել առաջին անհրաժեշտության դեղամիջոցներն ու անձը հաստատող փաստաթղթերը, անհրաժեշտ իրերն ու որոշակի քանակությամբ սննդամթերք և ջուր, արագ, առանց խուճապի պատսպարվել նախատեսված թաքստոցում: Հնարավորության դեպքում տեղեկացնել հարևաններին:
Փողոցում և բաց տարածքներում գտնվելիս
Արագ` առանց խուճապի, որոշել մոտակա թաքստոցի տեղը և պատսպարվել այնտեղ: Մոտակայքում թաքստոցների բացակայության դեպքում պատսպարվել ճանապարհամերձ առվակների, հեղեղատարների համար նախատեսված կառույցներում, տարբեր տեսակի փոսորակներում, թմբապատնեշների և ոչ բարձր պատնեշների (պատերի) հետևում:
Քաղաքային տրանսպորտում գտնվելիս
Չլքել տրանսպորտային միջոցը ընթացքի ժամանակ և չխոչընդոտել վարորդի գործողությունները: Տրանսպորտային միջոցի կանգնելուց հետո արագ, բայց առանց խուճապի, դուրս գալ փողոց և պատսպարվել մոտակա թաքստոցում:
Աշխատավայրում և հասարակական շենք-շինություններում գտնվելիս
Ուշադիր և հանգիստ լսել համապատասխան հրահանգը (հաղորդագրությունը) մոտակա թաքստոցների տեղակայման և դրանց հասնելու կարճ երթուղու մասին, արագ` առանց խուճապի, շարժվել նշված երթուղով և պատսպարվել թաքստոցում: Համապատասխան հրահանգ (հաղորդագրություն) չլինելու դեպքում դուրս գալ փողոց և պատսպարվել մոտակա թաքստոցում:
Արտադրական կազմակերպություններում
Դադարեցնել բոլոր տեսակի աշխատանքները, անջատել արտադրական և տեխնոլոգիական բոլոր սարքավորումները, գազամատակարարումն ու էլեկտրասնուցումը, իջեցնել սարքավորումներում օդի, գազի, ջրի, թթվածնի և այլ նյութերի բարձր ճնշումը, որից հետո պատսպարվել թաքստոցում:
Արտադրության և այլ տեխնոլոգիական գործընթացների պայմաններով սահմանված աշխատանքների դադարեցման անհնարինության դեպքում տեխնոլոգիական գծերը, վառարանները, տուրբինները բերել անվտանգ աշխատակարգի և պատսպարվել թաքստոցում։
Անհրաժեշտ է հիշել նաև, որ ռմբակոծության ժամանակ անհրաժեշտ է բացել բերանը և ձեռքերով փակել ականջները:
Թաքստոցներ են՝
շենքերի և շինությունների նկուղներն ու կիսանկուղները, ստորգետնյա շինությունները, բնական միջավայրի խորացված տարածքները, խորշերն ու անձավները, հանքախորշերը, ստորգետնյա անցումները, մետրոպոլիտենի ստորգետնյա կայարանները, որոնք նախատեսված են պատսպարվողների վրա հարվածային ալիքի ազդեցությունը նվազեցնելու և բեկորներից պաշտպանելու համար։
«Օդային տագնապի ավարտ» ազդանշանը տրվում է
Էլեկտրաշչակների միջոցով` անընդհատ (չընդհատվող) ձայնային ազդանշան (2-3 րոպե տևողությամբ), որից հետո անհրաժեշտ է հետևել հեռուստատեսությամբ, ռադիոհեռարձակմամբ, բարձրախոսներով տրվող պաշտոնական հաղորդագրություններին։
Համապատասխան թույլտվությամբ կարող եք դուրս գալ թաքստոցներից։
Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունը