«Коммерсантъ FM»-ի քաղաքական մեկնաբան Դմիտրի Դրիզեն մեկնաբանել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը։
Խոսելով ԼՂ հակամարտության ելքի մասին, քաղաքական մեկնաբանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հայկական բանակն ունի բոլոր հնարավորություններն արդյունավետ հակահարված տալու և հարձակման անցնելու համար։
«Պետք է հաշվի առնել նաև հայկական բանակը, որն ունի բոլոր հնարավորություններն արդյունավետ հակահարված հասցնելու և հարձակման անցնելու համար։ Եվ այդ ժամանակ Ադրբեջանի համար իր զինարշավի հաջողությունը կարող է շատ կասկածելի լինել»,- հայտնել է Դրիզեն։
Քաղաքական մեկնաբանը նաև անդրադարձել է ԼՂ հակամարտությանը Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի ներգրավվածությանը։
«Ռեջեփ Թայիփ Էրդողանը գուցե և օգնում է զենքով և, այսպես կոչված, խորհրդականներով, սակայն լրջորեն քաղաքականապես վարկաբեկում է իրեն։ Թուրքիայի նախագահը հասարակ ադրբեջանցու իրավունքների համար պայքարող չէ, ավելի շուտ նա լուծում է իր ռազմավարական խնդիրները։ Բացի այդ, Արևմուտքում նրա հեղինակությունն, այսպես ասենք, լավագույնը չէ։ ԵՄ-ն հենց հիմա քննարկում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը՝ ագրեսիվ պահվածքի համար»,- ընդգծել է նա։
Ինչպես նշում է Դրիզեն, «հաշվի առնելով հայկական սփյուռքի ազդեցիկությունը, կարելի է մի կարևոր հետևություն անել՝ Հայաստանը տեղեկատվական պատերազմում գերազանցության հասնելու մեծ շանսեր ունի։ Իսկ դա այսօր նույնիսկ ավելի ուժեղ հաղթաթուղթ է, քան թուրքական F-16-ը և հարվածային անօդաչու սարքերը»։