Search
Close this search box.

Հայկական կարևոր հաղթանակ

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը նախօրեին հայտարարություն արեց Ադրբեջան Սիրիայից եւ Լիբիայից վարձկաններ տեղափոխելու եւ Արցախի դեմ պատերազմում ներգրավելու տեղեկությունների առնչությամբ: ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել «շահագրգիռ երկրներին» քայլեր ձեռնարկել վարձկանների եւ ահաբեկիչների ներգրավումը թույլ չտալու եւ ռեգիոնի երկրների համար երկարաժամկետ սպառնալիք չստեղծելու, վարձկաններին ու ահաբեկիչներին անհապաղ դուրս բերելու համար:

Թեմային անդրադարձել էր նաեւ Իրանը: Թեհրանը հայտարարել էր, որ չի հանդուրժի իր հյուսիսային սահմանի մոտ ահաբեկչական եւ վարձկան խմբավորումների տեղակայումը, որը սպառնալիք է Իրանի անվտանգությանը:

Ռուսաստանն ու Իրանը պաշտոնական մակարդակով թեմային անդրադարձան այն բանից հետո, երբ վարձկանների մասին տեղեկությունը եւ ապացույցները հայտնվեցին արեւմտյան հեղինակավոր մամուլի էջերում, այդ թվում նաեւ վարձկանների խոստովանություն պարունակող տեղեկություններով: Մինչ այդ, պատերազմից օրեր առաջ նաեւ ռուսական մեդիադաշտում էր հայտնվել վարձկանների եւ ահաբեկիչների վերաբերյալ տեղեկություն, բայց պաշտոնական մակարդակով Մոսկվայից չէր եղել արձագանք:

Այժմ Ռուսաստանն ու Իրանն արձագանքում են: Արդյո՞ք ոչ ուշացած: Այդ առումով, Մոսկվայի ու Թեհրանի հարաբերությունը Աստանայի ձեւաչափի իրենց գործընկերոջ՝ Թուրքիայի հետ, ունի շատ շերտեր, սակայն տվյալ պարագայում առանցքայինն անշուշտ Կովկասը վարձկան-ահաբեկչական ճահճի չվերածելն է:

Այդտեղ սակայն առարկայական աշխատանք կատարում է միայն Հայաստանը՝ հայկական բանակը, որը Արցախում հետ է մղում սանձազերծած պատերազմը: Պատերազմ, որը փաստացի ոչ միայն ռազմական, այլեւ ահաբեկչական գործողություն է Հայաստանի ու Արցախի դեմ:

ՌԴ եւ Իրանի քաղաքական հայտարարությունները այդ իմաստով անշուշտ կարեւոր են: Մոսկվան ու Թեհրանը փաստացի ճանաչեցին, որ Ադրբեջանն իրականացնում է ահաբեկչական գործողություն, ընդ որում ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլեւ ռեգիոնի, այսինքն նաեւ իրենց դեմ: Ադրբեջանը փաստացի ճանաչվեց ահաբեկչական պետություն: Իհարկե, ոչ ուղղակի ձեւակերպումով այդ արձանագրումը այդուհանդերձ կարեւոր է: Մոսկվան ու Իրանն այդպիսով անուղղակի միանում են Հայաստանի ու Արցախի տարիներ ի վեր տված գնահատականին՝ Ադրբեջանն ահաբեկչական պետություն է:

Այդ գնահատականին զուգահեռ միջազգային մամուլը, լրագրողական հետաքննական կազմակերպությունները պարբերաբար ներկայացրել են փաստական տվյալներ Ադրբեջանի եւ մերձավորարեւելյան ռեգիոնում ծավալված ահաբեկչական կազմակերպությունների կապի մասին:

Քաղաքական մակարդակում այդ ամենը մատնվել է անուշադրության, թերեւս մինչ այն պահը, երբ Ադրբեջանն արդեն տարանցիկ հանգույցից վերածվում է ահաբեկչական ճամբարի՝ դրանից բխող հետեւանքներով:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը փաստացի իրականացնում են ոչ միայն պետության պաշտպանության, ոչ միայն ռեգիոնալ խաղաղության պարտադրման, այլ նաեւ հակաահաբեկչական գործողություն, ընդ որում պաշտպանելով ոչ միայն Հայաստանը, ոչ միայն Ռուսաստանի հարավն ու Իրանի Հյուսիսը, այլ նաեւ Եվրամիության սահմանը:
lragir.am

Please enter a valid URL