Մենք խոսել ենք Պուտինի հետ, Լավրովի հետ, առաջարկել ենք այս հարցում աշխատել միասին, ինչպես Սիրիայում, բայց չի հաջողվել, Ռուսաստանն ասում է, որ պետք է դադարեցնել պատերազմը, հետո քննարկել հարցերը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, որը հարցազրույց է տվել Անադոլու գործակալությանը:
Ի՞նչ է առաջարկել Թուրքիան Ռուսաստանին, ինչպես Սիրիայում: Կոնկրետ ի՞նչ խոսակցություն է եղել Թուրքիայի ու Ռուսաստանի միջեւ: Խոսքը վերաբերում է արցախյան հարցի համատեքստում քննարկումների համատեղ ձեւաչափ ստեղծելու՞ն , թե՞ ձեւաչափից բացի նաեւ բովանդակային կոնկրետ առաջարկների՝ որոշակի ազդեցության գոտիների եւ ընդհուպ ռազմական ներկայության բաժանումների վերաբերյալ:
Արդյոք ռուս-թուրքական հնարավոր այդ սցենարը չէ պատճառը, որ բավականին կոշտ հայտարարություն է արել Մինսկի խմբի համանախագահներից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, դիմելով հայ ժողովրդին եւ ասելով, որ Ֆրանսիան կխաղա իր դերը: Նա հայտարարել է, թե անընդունելի է Թուրքիայի միջամտությունը:
Մակրոնը իրավիճակը քննարկել է Պուտինի հետ, պատրաստվում է խոսել նաեւ Թրամփի հետ:
Կրեմլի խոսնակ Պեսկովը սեպտեմբերի 30-ին հայտարարել է, որ Մոսկվայի համար անընդունելի է Ադրբեջանին Թուրքիայի քաղաքական աջակցությունը: Պեսկովը նաեւ հայտարարել է, թե ռուս զինվորականները ուշադրությամբ հետեւում եւ ուսումնասիրում են ռազմական իրադրության զարգացումները, հավաքագրում եւ մանրամասն վերլուծում տեղեկատվությունը:
lragir.am