ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է կոնֆիդենցիալ տեղեկություններ հրապարակել Ալիեւի հետ այսպես կոչված «սեպարատ բանակցություններից», այն բանից հետո, երբ Ալիեւը գաղտնազերծեց որոշակի պայմանավորվածություններ եւ հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը խաբել է իրեն։ Ալիեւը փաստացի իշխանափոխության հայտ է ներկայացրել Հայաստանում, հղում անելով Հայաստանի ընդդիմադիր ուժերին, որոնք այս օրերին կրկնում են Ալիեւի հնչեցրած թեզերը, քննադատելով Փաշինյանին։
Նիկոլ Փաշինյանը ժամանակին հայտարարել էր, որ եթե Ադրբեջանի ղեկավարության հետ չստացվի պայմանավորվել կարգավորման շուրջ, ինքը հնարավորություն կգտնի ուղիղ դիմել Ադրբեջանի ժողովրդին։ Դա նույնպես իշխանափոխության հայտ էր, ընդ որում՝ հեղափոխությունից հետո, որն ավելի էր ընդգծում Ալիեւի կլանի ժամկետանց լինելը։
Ներկայում յուրօրինակ «մրցակցություն» է սկսել, կոնֆիդենցիալ տեղեկությունների հրապարակման միջոցով։ Իրավիճակը հետաքրքիր է դառնում այն իրողության ֆոնին, որ երկար տարիներ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ այսպես կոչված բանակցությունները միտված են եղել Ալիեւի «դեմքը պահելուն», որի մասին կոնֆիդենցիալ զրույցներում խոսում էին թե Հայաստանի պաշտոնատարները, թե միջնորդ երկրների ներկայացուցիչները։ Դա պատճառաբանվում էր նրանով, որպեսզի Ալիեւն անկյուն չմղվի պատերազմ սկսելու հարցում։ Թեեւ, այդ հանգամանքը չխանգարեց 2014-2015 թթ․ դիվերսիոն պատերազմի եւ 2016 թ. ապրիլյան պատերազմի սանձազերծմանը։
Զուր չէ, որ քարոզչական ներկայիս «փոխհրաձգությունն» ուղեկցվում է պատերազմի սպառնալիքի գեներացմամբ։ Բանը կհասնի՞ դրան, ինչն անշուշտ կործանարար հետեւանքներ կունենա Ադրբեջանի ու Ալիեւի ռեժիմի համար։ Նա իսկապես բարդ իրավիճակում է, հատկապես Տավուշից հետո, երբ իր իշխանությունը փրկելու համար դիմեց Թուրքիային ու փաստացի նրան հանձնեց երկիրը։ Քարոզչության ու լոբբինգի վրա ծախսվող ահռելի գումարները որեւէ շոշափելի արդյունք չեն տվել, տարածքային ամբողջության թեզը որպես կարգավորման միակ հիմք չի ընդունվում միջազգային կարեւորագույն կառույցներում, բարդացել են Ռուսաստանի հետ հարաբերությունները։
Հայաստանում ընդդիմությունը, ավելի ճիշտ՝ նախկին իշխող համակարգը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ադրբեջանում ընդդիմություն չկա, եւ այդ դերում հայտնվում է հանրությունը, ինչն ավելի է բարդացնում իրավիճակը։ Դա բռնատիրական համակարգերի բնորոշ իրավիճակ է, որը վառ դրսեւորվեց Բելառուսում։
Ի՞նչ շարունակություն կունենա իրավիճակը, որը փաստացի հանգել է հետեւյալին՝ կոնֆիդենցիալ տեղեկությունների հրապարակումը «ջրում է» Փաշինյան-Ալիեւ «սեպարատ» բանակցությունները, պատերազմ սկսելը խնդրահարույց է, եւ արդյոք մնում է այն, թե ով ում առաջինը գահընկեց կանի։ Կա իհարկե Մինսկի խմբի ձեւաչափով բանակցությանը վերադառնալու տարբերակը, եւ հնարավոր է՝ Ալիեւը փորձում է դրա նախօրեին ճնշում գործադրել հայկական կողմի վրա։
lragir.am