Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծանոթացա ամենագլխավոր դատախազի կոնսուլտանտի տարածած հայտարարությանը Գ. Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ:
1. Նախ, անհասկանալի է, թե ինչու Դավթյան Արթուրը խոսնակ չունի, որպեսզի հասկանանք` տարածված հայտարարությունը պաշտոնական է, թե, օրինակ, կոնսուլտանտի ու դատախազության դռնապահի և ավագ տնտեսվարի հետ համատեղ մշակված աշխատանքային վարկած: Ինչևէ դա հարցի քսանութերորդական կողմն է, որի վրա չարժե մարտկոցի էներգիա ծախսել:
2. Երբեք չեմ եղել Գ. Ծառուկյանի ֆան քլաբից, բայց այն ինչ տեղի է ունենում Գ. Ծառուկյանի հետ ունի մեկ բնորոշում` քաղաքական հետապնդում: Գ. Ծառուկյանի ղեկավարած քաղաքական ուժը, այո՛, երկրորդն է պառլամենտում, սակայն Գ. Ծառուկյանի ունեցած ազդեցությունը երկրում բավականին մեծ է և գործող իշխանական խմբավորման և նրա պարագլուխի շարունակվող անհեթեթ քայլերի ֆոնին շարունակում է աճել: Իշխանության ղեկին կանգնած անձինք բավականին երախտամոռ են: Քանի կար, Ծառուկյանը հուսալի գործընկեր էր, հեղափոխության կայացման մեջ ներդրում ունեցած մարդ, ում հետ կարելի էր կնքել համագործակցության հուշագիր, իսկ հենց Ծառուկյանը բարձրաձայնեց իշխանական շրջանակների անգործունակության հետ կապված հարցեր, դարձավ ընտրակեղծարար: Իմ խորին համոզմամբ՝ սա իշխանության պարագլխի վախերի հետևանքն է, քանի որ նա հասկանում է, որ բոլոր ոլորտների տապալումը հանգեցրել է իր դեմ հզոր դաշինքի ձևավորում, որն ինքը փորձում է գլխատել: Այս առումով չեմ բացառում իրոք ընդդիմադիր մյուս առաջնորդների ձերբակալությունները:
3. Ինչ վերաբերում է դատական իշխանությանը վերաբերող հատվածին, ապա այստեղ դատախազությունը ամենավերջին սուբյեկտն է, ով պետք է խոսի այդ թեմայով: Ընդ որում, ասածս վերաբերում է դատախզության արթուրդավթյաններին, ոչ թե համակարգին, քանի որ այդ համակարգի մեծ մասը արժանապատիվ մասնագետներ են: Մի՛ քանդեք դատարանները, մի՛ օժանդակեք այդ գործընթացին, որպեսզի, երբ վաղը նստեք մեղադրյալի աթոռին ու սկսենք ձեզ պաշտպանել չծղրտաք վեթի՜նգ, վեթի՜նգ»: