Աղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչները այսօր` սեպտեմբերի 26-ին, փակել էին ճանապարհը՝ իրենց դժգոհությունը հայտնելով հարևանությամբ կառուցվող բարձրահարկ շենքի առիթով։ Նրանք 3 պահանջ են ներկայացնում են քաղաքապետարանին:
Նշենք, որ այս պահին ճանապարհը փակած քաղաքացիների հետ բանակցում է «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը: Դեպքի վայր են ժամանել նաեւ ոստիկաններ:
«Առաջինը քաղաքապետարանը բոլոր մեր հարցումներին ասում է, որ շենքի շինարարության թույլատրությունը օրինական է, անվտանգության կանոները պահպանված են, բայց հարակից սեփական տներից մեկում օրեր առաջ առաստաղից մի մաս է պոկվել ու ընկել քնած կնոջ վրա եւ մենք կասկածներ ունենք, որ սեյսմիկ անվտանգության առումով խնդիրներ կան եւ երկրորդ եթե հետագայում մեր շենքը դարձավ վթարային, ինչ է լինելու, մեզ էստեղից վտարելու են, ինչ էմ լինելու եւ երրորդը այն է, որ քաղաքապետի մամուլի խոսնակը մեզ պատասխանեց միայն այն ժամանակ, երբ վարչապետը խորհրդարանում պատասխանեց Գեւորգ Գորգիսյանի հարցին: Մինչ այդ նա տեղյակ չէր: Թող քաղաքապետարանից գան եւ մեր հարցերին պատասխանեն, որովհետեւ Տարոնի ժամանակ էլ ամեն ինչ թղթերով նորմալ էր»,-ասաց բողոքող բնակիչներից Պարույրը:
Նշենք, որ քաղաքացիները մեքենաներով փակել են դեպի շինհրապարակ տանող ճանապարհը եւ չեն թույլատրել շինտեխնիկայի մուտքը:
Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսի 13-ին, Աղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչները բողոքի ակցիա էին անում իրենց իրավունքների պատշպանության համար։ Նրանք նշում էին, որ հանրային քննարկումներ չի եղել և չեն ցանկանում, որպեսզի իրենց շենքի դիմաց, մի քանի մետր հեռավորության վրա, բարձրահարկ շենք կառուցվի։
Նրանց բողոքի ակցիային ներկայացել էր Արաբկիր վարչական շրջանի քաղաքաշինության բաժնի պետը, սակայն վերջինս բանավոր ոչ մի հարցի չպատասխանեց, հորդորեց, որպեսզի հարցերը գրավոր ներկայացվեն քաղաքապետարան, որին անպայման կարձագանքեն։