Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացահայտել է ոստիկանությունը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները բացահայտել են նախկինում կատարված կոռուպցիոն բնույթի հանցագործության հերթական դեպքը:

Նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնատար անձինք, ինչպես և տարածքային ինքնակառավարման մարմինների ենթակայությամբ գործող սոցիալական աջակցության տարածքային բաժինների պետեր, համագործակցելով բարեգործական հասարակական կազմակերպություններից մեկի տնօրինության հետ, ելնելով խմբային շահերից և պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով` խախտել են կառավարության որոշմամբ սահմանված պահանջները, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:

2015-2018 թվականներին «Մարզերում միայնակ տարեցներին, հաշմանդամներին տնային պայմաններում և ցերեկային խնամքի կենտրոններում սոցիալական սպասարկում» ծրագրի շրջանակներում մոտ չորս հազար անձի ծառայություններ մատուցելու նպատակով պետբյուջեով հատկացվել է տարեկան 200 միլիոն դրամ: Որպեսզի ծրագրի ծավալները չկրճատվեն` յուրաքանչյուր տարի ծրագրում ներգրավվել է 900-1100 անձ, որոնց տվյալները չեն համապատասխանել սահմանված չափորոշիչներին: Այսպիսով, երեք տարում, ընդհանուր երեք հազար շահառուի հաշվարկով, հանցավոր արարքների հետևանքով, պետական բյուջեից հավելյալ հատկացվել է 180 միլիոն դրամ:

Փաստերի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե` նախաքննության:

Please enter a valid URL