Ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանը կշարունակի մնալ կալանավորված։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սևակ Համբարձումյանի նախագահությամբ, քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ մերժեց Էդգար Մալաքյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու դատարանի որոշման դեմ պաշտպանի բողոքը՝ առաջին ատյանի դատարանի որոշումը թողնելով անփոփոխ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեց պաշտպան Գոռ Միքայելյանը։
Հիշեցնենք,որ օգոստոսի 30-ին Կասկադում միջադեպ է տեղի ունեցել։ Ըստ իրավապահ մարմինների՝ երկու երիտասարդներ քաշքշել են ոստիկանության ծառայողների։ Նշված երկու երիտասարդները տևական ժամանակ բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցրել, նրանցից մեկը քաշել և պոկել է ոստիկանության ծառայողներից մեկի ուսադիրը: Նախաքննության վարկածով՝ վիճաբանության ժամանակ նրանցից մեկը բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողներից մեկի դեմքին և պատճառել մարմնական վնասվածք:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով և 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասով, ֆուտբոլիստ եղբայրները ձերբակալվել են։ Երիտասարդներին սեպտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը մեղադրանք է առաջադրվել և նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան, սակայն ձերբակալման 72 ժամը լրանալուց հետո սեպտեմբերի 2-ին՝ ժամը 23։30-ին և 23։45-ին եղբայրներն ազատ են արձակվել։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, մերժել էր Մալաքյան եղբայրներից Գոռ Մալաքյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը, իսկ նույն դատարանի դատավոր Հարություն Մանուկյանը բավարարել էր Էդգար Մալաքյանի նկատմամբ կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ Վերջինս կալանավորվել է մեկ ամիս ժամկետով։ Պաշտպանը բողոքարկել է Էդգար Մալաքյանին կալանավորելու մասին որոշումը՝ վիճարկելով թե՛ հիմնավոր կասկածը, թե՛ կալանավորման հիմքերը։ Մասնավորապես՝ ընդհանուր իրավասության դատարանը գտել էր, որ առկա է վկաների վրա ներգործության և խոչընդոտման ռիսկ, մինչդեռ՝ պաշտպանական կողմը վստահեցնում է, որ որևէ խոչընդոտման ռիսկի մասին խոսք լինել չի կարող։
Նշենք, որ ֆուտբոլիստ եղբայրներից Գոռ Մալաքյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը մերժելու վերաբերյալ դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացրել դատախազությունը՝ պահանջելով կալանավորել Գոռ Մալաքյանին, ինչը մակագրվել է դատավոր Սերգեյ Մարաբյանին