Երկրապահ կամավորականների միությունը (ԵԿՄ) բացարձակ ապաքաղաքական կառույց է։ ԵԿՄ-ն իր խնդիրներն ունի, միակ նպատակը հայրենիքի սահմանների պաշտպանությունն է, ազատամարտիկների սոցիալական վիճակի բարելավումն է, պատանի երկրապահների դաստիարակությունն է։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ Կենտրոն տարածքային բաժանմունքի նախագահ, ազատամարտիկ Ռոմիկ Մխիթարյանը։
«Սա է Երկրապահի ֆունկցիան։ Մենք քաղաքականության մեջ բացարձակ չկանք։ Առանձին ազատամարտիկներ, իհարկե, կան տարբեր քաղաքական ուժերում, բայց ընդհանուր Երկրապահի գաղափարախոսության, գործունեության մեջ չկա նման բան, որ մենք խառնվենք քաղաքականությանը։ Մեր խնդիրը մեր հայրենիքն է, վերջ։ Մենք միակ գաղափար ունենք, որով առաջնորդվում ենք»,- ասաց Ռոմիկ Մխիթարյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչպե՞ս պետք է ԵԿՄ-ն դարձնել հավերժ ապաքաղաքական կառույց, և ի՞նչ է նախկինից փոխվել այս իմաստով։
ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, նախօրեին լրագրողների հետ զրույցում խոսելով աշխարհազորի ստեղծման և ԵԿՄ-ի երկրորդ պլան մղվելու մասին, ասել էր՝ պատերազմում երկրորդ, երրորդ պլան չկա, պատերազմում կա առաջին գիծ: Միքայելյանի խոսքերով՝ աշխարհազորը պետք է լինի լուրջ կառույց, իսկ ԵԿՄ-ն այսօր ձևավորվել է աշխարհազորի հիման վրա՝ 1990-ականներին Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ: Նա վստահեցրեց, որ աշխարհազորը երբեք չի խանգարի ԵԿՄ-ին, ԵԿՄ-ն էլ՝ աշխարհազորին: ԵԿՄ նախագահը, սակայն, չի բացառել, որ հետագայում ԵԿՄ-ն կարող է լինել աշխարհազորին կից:
Աշխարհազորի ստեղծման մասին ազատամարտիկ Ռոմիկ Մխիթարյանը դրական կարծիք ունի և չի գտնում, թե Երկրապահն ու աշխարհազորը կարող են ինչ-որ պահի իրար խանգարել, կամ մեկի կարևորությունը կարող է ստորադասվել մյուսին։
«Աշխարհազորի գաղափարը լավն է, բայց Երկրապահը կմնա իր կանոնադրության, մեր անցած ճանապարհի, ավանդույթների շարունակողը։ Երևի կհամագործակցենք, բայց մենք մեր գործն ունենք, մեր գործը կշարունակենք անել։ Երկրապահը վաղուց Սպարապետի կողմից ստեղծված, կայացած կառույց է, որը միշտ իր մասնակցությունն է ունեցել բոլոր պատերազմներին, մարտական գործողություններին։ ԵԿՄ-ն ու աշխարհազորն իրար երբեք չեն խանգարի։
ԵԿՄ-ն երբեք ոչ մեկին չի խանգարել, մանավանդ երբ հարցը հայրենիքի պաշտպանությանն է վերաբերում։ Ո՞նց կարող է Երկրապահը խանգարել որևէ կառույցի, առավել ևս բանակին։ Աշխարհազորը, եթե ստեղծվի, պատերազմական իրավիճակում լինելու է բանակի մի մասը, մի ստորաբաժանումը։ Իսկ մենք բանակին հաստատ խանգարող չենք։ Մենք բանակի կողքին ենք, ինչպես եղել ենք 90-ականներին, այդպես էլ շարունակելու ենք։ Մենք բանակի ավագ եղբայրն ենք»,- տեսակետ հայտնեց ԵԿՄ Կենտրոն տարածքային բաժանմունքի նախագահ, ազատամարտիկ Ռոմիկ Մխիթարյանը։