Search
Close this search box.

Անակնկալ. բեմ է բարձրացել Մանե Թանդիլյանը և մրցանակ հանձնել «Մեր ժամանակների հերոս»-ին. Նա արտասահմանում չէ՞

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նախօրեին՝ ՀՀ անկախության 29 ամյակի առիթով կազմակերպված «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության ժամանակ, բեմում մրցանակ է հանձնել նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, նախկին սոցապնախարար Մանե Թանդիլյանը: Ըստ մեր տեղեկությունների՝ թե՛ իշխանության ներկայացուցիչները, թե՛ լուսավորականները անակնկալի են եկել, երբ բեմ է բարձրացել Թանդիլյանը: Բանն այն է, որ գրեթե բոլորը տեղեկություններ ունեն, թե Թանդիլյանը առողջական խնդիրների պատճառով Ավստրալիայում է, բուժում է ստանում, ու հանկարծակիի են եկել, երբ տեսել են իշխանության կազմակերպած միջոցառմանը:

Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսի 14-ին Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ու համանուն կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ վայր է դնում պատգամավորական մանդատը, ինչպես նաև դադարեցնում է գործունեությունը՝ որպես կուսակցության կառավարման խորհրդի անդամ։

«Տևական ժամանակ է` ունեմ առողջական խնդիրներ, որոնք այս ընթացքում փորձել եմ լուծել աշխատանքիս հետ զուգահեռ։ Սակայն պարզ դարձավ, որ դրանք այլևս անհամատեղելի են պատգամավորական և ակտիվ քաղաքական գործունեության հետ»,-նշել էր պատգամավորը:

Դրանից հետո լուսավորականներն էլ ներքին քննարկումների ժամանակ հայտարարում էին, թե Թանդիլյանը գնացել է արտասահման բուժում ստանալու, բայց, կարծես թե, դա այդքան էլ իրական չէ: Մենք փորձեցինք զրուցել Մանե Թանդիլյանի հետ, սակայն ապարդյուն. նա սոցիալական ցանցերում ապակտիվացրել է իր էջերը ու չի արձագանքում մեր ո՛չ հեռախոսազանգերին, ո՛չ նամակներին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL