Search
Close this search box.

Վիտալի Բալասանյանը Հայաստանում է. փորձում է ցնցել, ոտքի հանել ընդդիմությունը

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի հերոս, ԱԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը մի քանի շաբաթ է՝ Հայաստանում է։ Չնայած նա Արցախի խորհրդարանի պատգամավոր է, սակայն մեզ ասացին, որ գրեթե ոչ մեկի հետ չի շփվում, հույսը կտրել է, որ Արցախում ինչ-որ բան կարող է շտկվել, եկել է Հայաստան ու փորձում է ցնցել, ոտքի հանել հայաստանյան ընդդիմադիր դաշտը։

Բալասանյանն ակտիվ հանդիպումներ է նախաձեռնում տարբեր ընդդիմադիր ուժերի եւ քաղաքական գործիչների հետ։ Հանդիպել է նախկին նախագահներին, պաշտպանության նախկին նախարարներին, ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներին, տարբեր անձանց՝ փորձելով համոզել, որ մեկտեղվեն բոլոր ուժերը, բոլորը մի կողմ դնեն տարաձայնություններն ու ամբիցիաները, քանզի թշնամին ռազմական ռեւանշի ծրագրեր ունի, իսկ Փաշինյանի իշխանությունն ի վիճակի չէ հետ շպրտել նրան։

Բալասանյանը կարծում է, որ Փաշինյանը «հակահայ» պրոյեկտ է, եւ միայն նրա հեռանալը կուժեղացնի երկիրն ու կկանխի արտաքին վտանգները, ինչի մասին բազմիցս հայտնել է իր հարցազրույցներում։ Նա անկախության տոնին Եռաբլուրում էր, որտեղ պատասխանեց մեր հարցերին, սակայն փորձերը՝ հեռախոսով կապվել եւ ծավալուն հարցազրույց անել նրա հետ, չհաջողվեց․ նա զանգերին ու հաղորդագրություններին չի պատասխանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL