Search
Close this search box.

Ով ինչպես տապալեց մարտի 1-ի գործի քննությունը. աղմկահարույց բացահայտում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների առիթով հարուցված քրեական գործը թնջուկ է դարձել: Թվում էր, թե լայն հանրության աչքի առջեւ տեղի ունեցած իրադարձությունները վաղուց պետք է բացահայտված լինեին, 10 զոհերի սպանողները՝ վաղուց բանտարկված, բայց դեռ գործը քննվում է ու քննվում՝ բազում հարցականներ առաջացնելով: Եվ ի՞նչ իրավիճակ ունենք այսօր: Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով մի խումբ նախկին պաշտոնյաներ, այդ թվում եւ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ամբաստանվում են, սակայն գործի նկատմամբ չկա հասարակական վստահութուն, եւ Քոչարյանն էլ ազատության մեջ է:

Դժգոհ են նաեւ մարտի 1-ի 10 անմեղ զոհերի հարազատները, որոնք հայտարարել են, որ հիասթափված են սպանությունների մասով տարվով գործի քննության որակից ու տեմպերից:

Իսկ որո՞նք են իրավիճակի խորքային պատճառները: Նույնիսկ հայտնի գաղտնալսման մեջ է նկատվում, որ «Մարտի 1»-ի գործի քննության մեջ առանցքային դերակատարություն ունի այսօր արդեն ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը: Նա առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շրջապատի ներկայացուցիչն է եւ Հայ ազգային կոնգրեսի հետեւորդ, ինչպես նաեւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի ընկերը։

Ըստ ամենայնի, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը Վահե Գրիգորյանի հետ է պլանավորել, գծագրել է՝ երբ, ում հրավիրել հարցաքննության, ինչ հարցեր տալ, որպեսզի բացահայտվի «Մարտի 1»-ի գործը: Այսինքն՝ Սասուն Խաչատրյանը առաջ է քաշում իր ընկերոջ գծագրած վարկածը ու հենց Գրիգորյանի ցուցումներով էլ մեղադրանք է առաջադրել, օրինակ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին եւ վաղամեռիկ Գեւորգ Մհերյանին այն բանի համար, որ վերջիներս հրահանգներ են տվել ՀՀ նախկին ոստիկանապետեր Հայկ Հարությունայնին, Ալիկ Սարգսյանին, որպեսզի պաշտոնեական կեղծիք կատարեն: Թերեւս անհնար է պատկերացնել, որ արդարադատության նախարարի տեղակալը կարող է ոստիկանապետին որեւէ բան հրահանգել, կամ ՀՀ նախագահի օգնականը՝ առանց Սերժ Սարգսյանի հրահանգի ոստիկանապետին ցուցում տա։ Բայց նախկին դատախազը մեղադրվում է ոչ թե Սերժ Սարգսյանի հրահանգը կատարելու, այլ պաշտոնեական կեղծիքի համար։

Իսկ իրականում ե՛ւ «Մարտի 1»-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, ե՛ւ նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանը ասել են՝ գալիս ենք, բավարարե՛ք մեր պայմանները, սակայն ՀՔԾ-ն չի ընդառաջում՝ թեկուզ նրանց հետո կալանավորելու հեռանկարով: Ավելին, այդ առաջարկը մեր երկում սվիններով ընդունեցին բացառապես «լեւոնականները»՝ դարձյալ Վահե Գրիգորյանի ցուցումով։
Ինչու՞. որովհետեւ երբ այդ նախկին պաշտոնյաները գան, ու հետո էլ «Մարտի 1»-ի գործը չբացահայտվի, ինչը անխուսափելի է, Վահե Գրիգորյան-Սասուն Խաչատրյան զույգի գծած սցենարը կտապալվի։ Իսկ այսօրվա իրավիճակը ձեռնտու է ՀՔԾ-ին, քանի որ կան մեղավորներ, եւ ՀՀ վարչապետին նրանք ամեն անգամ զեկուցում են, թե «Մարտի 1»-ի գործը չի բացահայտվում, քանի որ Գեւորգ Կոստանյանը, Վահագն Հարությունյանը եւ այլք հետախուզման մեջ են: Այսպես գործը տանում են դեպի փակուղի՝ հիասթափեցնելով հասարակությանը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL