Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 38-ամյա Արամայիս Պետրոսյանը իր վարած Mitsubishi IO մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտայից դեպի Սասունից Դավթի հրապարակ տանող հատվածում՝ Սասունցի Դավթի արձանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վրաերթի ենթարկվածները, ովքեր 3 աղջիկ երեխաներ են, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ավագ տեսուչ Արման Սահակյանն ու տեսուչ Բենիկ Արզումանյանը։ Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Ա. Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկված երեխաների ինքնությունը։ Վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել երեխաներին, զանգահարել է 1-03, օգնել է երեխաներին տեղափոխել հիվանդանոց, որից հետո ահազանգել է 1-02։ Քիչ առաջ վարորդի ինքնազգացողությունն էլ վատացավ, ինչի համար ճանապարհային ոստիկանները դեպքի վայր կանչեցին շտապօգնության բժիշկներին, ովքեր վայրկյանների ընթացքում ժամանեցին և օգնություն ցուցաբերեցին վարորդին։