Search
Close this search box.

«Իմ քայլի» մի քանի պատգամավորներ նոր պաշտոններ կստանան․ Արայիկ Հարությունյանի հետ կոպիտ են խոսել

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Առաջիկայում կառավարությունում կադրային փոփոխություններ են սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ պաշտոններ կստանան եւ կտեղափոխվեն գործադիր աշխատելու: Ընդ որում, այդ որոշումները կայացվում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջին անգամ վարչության նիստ է անցկացվել սեպտեմբերի 15-ին, եւ ուշագրավ է, որ այս անգամ վարչության անդամները հավաքվել են ոչ թե իրենց կուսակցության գրասենյակում, այլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատանը: Եվ այդ նիստի ժամանակ քննարկվել է կառավարությունում կադրային փոփոխությունների հարցը, եւ խոսքը վերաբերում է նախարարների եւ փոխնախարարների հաստիքների փոփոխությանը:

Եվ հենց այդ ժամանակ էլ վարչապետն ասել է, որ նպատակ ունի վարչության անդամներից շատերին գործադիր տանելու:

Եվ, մեր տեղեկություններով, այդ պատգամավորների թվում է նաեւ Արման Բոշյանը, եւ այժմ քննարկվում է նրան տանելու եւ որեւէ պատասխանատու պաշտոնի նշանակելու հարցը:

Դրան զուգահեռ նիստի ժամանակ քննարկվել է նաեւ պատգամավոր Սուրեն Գրիգորյանին արդարադատության փոխնախարար նշանակելու մասին հարցը Սրբուհի Գալյանի փոխարեն: Սակայն այս հարցում դեռ միասնական որոշում առկա չէ, եւ վարչությունում ոչ բոլորն են կողմ եղել այդ տարբերակին: Իսկ ինչ վերաբերում է պատգամավոր Վարազդատ Կարապետյանին, ապա այս հարցում ավելի շահագրգիռ է հենց պատգամավորը, եւ նա է ցանկանում օրենսդիրից տեղափոխվել գործադիրում աշխատելու:

Նկատենք նաեւ, որ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նիստում անդրադարձ է եղել նաեւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին, ընդ որում՝ վերջինս էլ ներկա է եղել նիստին: Նրա հետ կոպիտ են խոսել եւ ասել, որ ընդդիմությունը կենտրոնացել է նախարարի աշխատանքի վրա, եւ պետք է խնդիրները քննարկել:

Հավելենք, որ հիմնականում կադրային փոփոխությունները քննարկվում են հենց այս ձեւաչափով, եւ Արմեն Փամբուխչյանին ԱԻՆ գործուղելու որոշումը եւս այսպես է կայացվել: Հավելենք, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նշված տեղափոխումները կավարտվեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL