Դիմակների առումով մենք հետևում ենք նախկինում պարետատան, հիմա ԱՆ-ի կողմից սահմանված ցուցումներին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով 6-12 տարեկան երեխաների դիմակ կրելու որոշման մասին:
«Մենք այս շաբաթվա ընթացքում իրավիճակին կհետևենք, ուղեցույցը հնթացս կարող է փոփոխությունների ենթարկվել: Այս պահի դրությամբ մենք դիմակների կրելու առումով բողոքներ չենք ստացել, լարվածություն չենք տեսնում դպրոցներում: Ամեն դեպքում ուսուցիչներից դիտարկումներ չենք ստացել»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է դիտարկումներին, որ երեխաները կարող են առողջական խնդիրներ ունենալ, Հարությունյանն ասաց, որ աշխատում են ԱՀԿ-ի, ԱՆ-ի հետ. «Աշակերտները մեր ընտանիքներում մեծացող երեխաներ են, մեր հարազատների ընտանիքներում մեծացող երեխաներ են:
Ես չգիտեմ, թե ինչ խելագարության կանխավարկածով պետք է առաջնորդվենք՝ մտածելու, որ ԿԳՄՍ-ն ընդունել է այնպիսի կանոնակարգում, ԱՆ-ն տվել է այնպիսի ցուցումներ, որն ազդելու է մեր սերունդների առողջության վրա»:
Նախարարն ասաց, որ հետևելու են ընթացքին, եթե փոփոխությունների անհրաժեշտություն լինի, կանեն. «Այս պահին դրա անհրաժեշտությունը չկա»: