Search
Close this search box.

Մոսկվայի «Ֆուդ սիթի»-ում հայկական ապրանքի վրա «քֆուր» է դրված․ գնողները գողական աշխարհում խնդիրներ են ունենում

Այս տարվա հուլիս ամսին, տավուշյան ռազմական գործողություններից հետո, Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև ևս տեղի ունեցան ազգամիջյան բախումներ, ծեծկռտուք։

Ընդհուպ մինչև հայկական գյուղատնտեսական մթերքներով, մասնավորապես ծիրանով բեռնված բեռնատարների մուտքը արգելվեց Ռուսաստանի խոշորագույն՝ «Ֆուդ սիթի» առևտրի կենտրոն, որտեղ տարիներ շարունակ հայ արտահանողները իրացրել են ապրանքը։ Այդ ընթացքում Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչները կազմակերպված ձևով գնեցին հայկական ծիրանը։

Մոսկվայի հայ գործարարները անվճար տարածքներ տրամադրեցին արտահանողներին առևտուր անելու համար։ Սակայն դեպի ռուսական շուկա հայկական գյուղատնտեսական ապրանքների արտահանման հետ կապված իրավիճակ գնալով ավելի վատանում է, չնայած պնդումներին, թե իրավիճակը հանդարտվել է։ «Առաջին լրատվական»-ը ահազանգեր է ստանում ՌԴ արտահանում իրականացնողներից, որոնք այս օրերին բախվում են լրջագույն խնդիրների։

Մեզ հետ զրույցում 5 տարի գյուղմթերքի արտահանմամբ զբաղվող գործարար Արգիշտի Յազիչյանը պատմեց, թե ինչ իրավիճակ է այս օրերին Մոսկվայում գործող ադրբեջանական «Ֆուդ սիթի», հայկական «Բուխտա», «Шелковый путь» առևտրի կենտրոններում։ Ըստ այդմ՝ երկրի խոշորագույն առևտրի կենտրոն համարվող և ադրբեջանցիներին պատկանող «Ֆուդ սիթի»-ում հայկական ապրանք ադրբեջանցիները կատեգորիկ կերպով չեն գնում։

«Ծիրանի դեպքից հետո առաջացած խնդիրը մինչև հիմա կա, չի լուծվել։ Մոսկվայում օգոստոսի 27-ից կանգնել եմ «Ֆուդ սիթի»-ում, ոչ մի օգուտ։ Թուրքերն իրար մեջ պայմանավորվել են, «քֆուր» են դրել, թե ինչ են արել, չգիտեմ, որ հայկական ապրանք չեն գնելու։ Ես հարցնում եմ՝ ինչու չեք գնում,եղբայր, չէ՞ որ դա քաղաքականության հետ ոչ մի կապ չունի, սա առևտուր է, ապրանք է, բիզնես է։ Ինձ ասում են՝ սա պատերազմ է, «բրատ»։ Ասում են՝ մեր վրա «քֆուր» է դրված, որ չգնենք հայկական ապրանք։ Ով հայկական ապրանք է գնում, գողական աշխարհում խնդիրներ են ունենում, ու նման դեպք եղել է։ Դրա համար հայկական ապրանքը մեծաքանակ ձևով չեն գնում։ «Ֆուդ սիթի»-ում պաշտոնապես գողերին փող են մուծում ադմինիստրատիվ ծառայությունների համար։ Գրված կպցրած է պատին։ Էլ չեմ ասում, որ «Ֆուդ սիթի»-ում հայկական բեռնատարներին ստորացնում են, փակում են համարները, փոխում ռուսական դնում, որ չերևա հայկական է։ Մի խոսքով՝ սարսափելի վիճակ է»,- պատմեց արտահանողը։

Նա նշեց, որ երկու բեռնատար քիշմիշ տեսակի խաղող և սալոր է արտահանել, որոնք գնել է Արմավիրի մարզի գյուղացիներից, ամեն մեքենայի մեջ 2200 արկղ։ Ապրանքը չի վաճառվել, արտահանողը 15 հազար դոլար վնաս է կրել ու վերադարձել Հայաստան։

«Օգոստոսի 27-ից կանգնել եմ «Ֆուդ սիթի»-ում, չեմ վաճառել ապրանքը։ Օրը 10-15 արկղ եմ վաճառել, այն էլ քաղաքացիներն են գնել, իրենց օգտագործման համար։ Բայց դուք պատկերացնո՞ւմ եք՝ ամեն ֆուռը 2200 արկղ ունի։ Թուրքերը մեզանից ապրանք չեն գնում։ Իսկ այստեղ, այս ոլորտում իրենք իրավիճակ փոխող են։ Ամեն ինչ իրենց ձեռքում է։ Ես ընկեր ունեմ, որ երկու ամիս է՝ կանգնած է շուկայում, ու ապրանք չի վաճառվում։ Հասկանո՞ւմ եք՝ «Ֆուդ սիթի» առևտրի կենտրոնը «ակուլա» է, կուլ է տալիս մյուս բոլոր առևտրի կենտրոններին»,- ցավով նշեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքերով՝ հայկական «Բուխտա», «Шелковый путь» առևտրի կենտրոններում ապրանքը չի վաճառվում։ «Մենք ուրախ կլինենք, որ այլ տեղ գնանք, բայց չկա նման տեղ։ Ոլորտը թուրքերի ու ադրբեջանցիների ձեռքում է, իրենք են իրավիճակ փոխում։ Շուկաներում, խանութներում գնողը, ռեալիզացնողը, այդ բիզնեսը պատկանում է ադրբեջանցիներին, իրենք կարող են եղանակ փոխել ռուսական շուկայում»,- շեշտեց Արգիշտի Յազիչյանը։

Նրա տեղեկացմամբ՝ այս պահին մոտ 25 արտահանող կա, որոնք նույն խնդրի առաջ են կանգնած, ապրանքը բեռնատարներով կանգնած է շուկաներում, բայց վաճառք չկա։

Հարցին՝ Մոսկվայում հայկական համայնքից, գործարարներից կամ այլ ազդեցիկ մարդկանցից որևէ արձագանք չկա՞ այս խնդրին, մեր զրուցակիցն ասաց՝ հայկական համայնքից ոչ ոք չի ուզում խառնվել հարցին, չնայած որ կարող են իրավիճակ փոխել ու հարցը քննարկումներով, բանակցություններով կարգավորել։

«Հայկական համայնքին հետաքրքիր չէ, ոչ ոք չի ուզում խառնվել, ռուսն էլ չի ուզում։ Ռուսն այս իրավիճակն օգտագործում է մեր դեմ, Փաշինյանի դեմ, չգիտեմ, քաղաքականություն է։ Ռուսաստանի հայերն ու ադրբեջանցիները իրար հետ լավ են, իրենք կարող են այս հարցը լուծել։ Պետք է այնպես անել, որ հայերը «Ֆուդ սիթի»-ում առևտուր անեն, ոչ թե «Բուխտա»-ում կամ մյուս տեղերում։ Պետք է ռուսները բանակցեն ադրբեջանցիների հետ։ Պետք չէ ազգային հարցը խառնել բիզնեսին»,- ասաց արտահանմամբ զբաղվող գործարարը։

Նրա կանխատեսմամբ, եթե այս հարցը լուծում չստանա, Հայաստանի տնտեսությունը լրջագույն վնասներ կկրի, գյուղացին չի կարողանա իրացնել բերքը, աղքատության մակարդակն էլ ավելի կբարձրանա․ «Եթե այս հարցը չլուծվի, Հայաստանը մի քանի տարուց «բանկրոտ» կլինի»։

Գալով ռուսական շուկայում հայկական ապրանքների գներին, արտահանողը նշեց՝ երբեք ոչ մի տարում այսքան էժան չեն եղել ապրանքի գները։ «Քիշմիշը ես գնել եմ 450 դրամով, իմ վրա նստել է 650 դրամ, ես Մոսկվայում վաճառել եմ 50 ռուբլով՝ մոտ 250 դրամ։ Ձեռք չի տալիս։ Պատկերացրեք, օրը 5000 ռուբլի տալիս եմ ֆուռի տիրոջը, 3000 ռուբլի «Ֆուդ սիթի»-ին, 1000 ռուբլի կայանման համար, 2500-3000 ռուբլի բանվորին, որ ինձ հետ բանվորություն անի, 2000 ռուբլի հյուրանոց, տաքսի։ Ստացվում է մոտ 15 հազար ռուբլի, որը վաճառած ապրանքից շատ է։ Հիմա հետ եմ եկել Հայաստան, չգիտեմ՝ ինչ պետք է անեմ»,-ասաց Արգիշտի Յազիչյանը։

Please enter a valid URL