Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում «Սպարապետի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաինյանին մոտեցավ ադրբեջանական գերության մեջ հայտնված Նարեկ Սարդարյանի կինը:
«Ես Նարեկ Սարդարյանի կինն եմ, ուզում էի հարցնել, թե դուք ինչ տեղեկություններ ունեք, ես ոչ մի տեղեկություն չունեմ Նարեկից»:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ցավոք սրտի, շատ բան չի կարող ասել. «Դժբախտաբար, ոչ թե բարեկամի մոտ է ընկել, այլ հակառակորդի: Պետք է հասկանանք, թե ինչ կարող ենք անել»:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ ասաց. «Հեսա կխոսենք, ճանապարհին կխոսենք: Ես էստեղ եմ լինելու»:
Ավելի վաղ ԱԱԾ լրատվության ծառայությունը հայտնել էր, որ 2020 թ. հուլիսի 8-ին ժամը 11:00-12:00-ի սահմաններում ԱՀ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանակից ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի վարչական տարածքի արոտավայրերում սեփական անասուններն արածացնելիս անհայտ կորել է Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանը:
Պարզվել է, որ Ն.Սարդարյանը կորած անասունները որոնելու արդյունքում մոլորվել եւ անցել է ԱՀ Նախիջեւանի տարածք, որտեղ գերեվարվել է: Ն.Սարդարյանը բնութագրվում է որպես հայրենասեր, հանգիստ եւ աշխատասեր անձնավորություն, տեղական ինքնակառավարման եւ իրավապահ մարմինների հետ երբեւիցե խնդիրներ չի ունեցել: Ն.Սարդարյանն ունի ընտանիք եւ անչափահաս երեխաներ, որոնց հոգսերը հոգում է ինքը: Այժմ միջոցներ են ձեռնարկվում նրան Հայաստան վերադարձնելու համար: