1in.am-ը գրում է.
Մեր ունեցած տեղեկություններով, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի որդի Վահագն Խանդանյանը 2018-2019 թվականների ընթացքում իր հետ փոխկապակցված ընկերությունների հաշվեհամարներով շրջանառել է անհայտ ծագման ընդհանուր շուրջ 30 մլն ԱՄՆ դոլար գումար, սակայն հարկային մարմնին շրջանառության վերաբերյալ ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում առերևույթ ներառվել են կեղծ տվյալներ, որով թաքցվել են շրջանառության իրական ծավալները, ինչի հետևանքով պետական բյուջե չի վճարվել ընդհանուր շուրջ 135 մլն դրամ գումար:
Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է քննությունը:
Հիշեցնենք, որ Գագիկ Խանդանյանը Տրանսպորտի և կապի նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի խնամին է։