Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 11-ին Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված բանկերում քաղաքացիների կողմից նախկինում գրավադրված և ժամկետանց պարտավորությունների դիմաց բռնագրավված այն բնակարանների խնդրին, որոնք հետագայում ցեսիայի (պահանջի իրավունքի զիջում) միջոցով ձեռք է բերել ԱՆ հիմնադրամը:
Զեկույցով հանդես է եկել Հիմնադրամի գլխավոր տնօրեն Էռնեստ Գրիգորյանը: Նրա խոսքով՝ կան այդպիսի 146 բնակարաններ, որոնց շահառուները հանդիսանում էին ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ հանրապետության տարբեր շրջանների բնակիչները: Նախկին սեփականատերերը շարունակում են ապրել այդ բնակարաններում, և անհրաժեշտություն է առաջացել հիմնավորապես լուծելու այդ խնդիրը:
Հանրապետության նախագահը նշել է, որ ուսումնասիրությունները հաստատում են, որ հիմնական խնդիրը պայմանավորված է եղել սոցիալական տարբեր պատճառներով, և պետությունը պարտավոր է աջակցության տարբեր գործիքակազմեր մշակել, որպեսզի դրանցում ապրող ընտանիքների համար հնարավորություն ստեղծվի՝ նորից վերականգնելու սեփականության իրավունքը:
Նախագահ Հարությունյանը մեկ անգամ ևս շեշտել է «Յուրաքանչյուր ընտանիքի՝ առանձին բնակարան» կարգախոսի կյանքի կոչման անհրաժեշտությունն ու կարևորությունը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ պետությունը կգործադրի բոլոր ջանքերը` գործընթացն անաչառության սկզբունքով կազմակերպելու համար:
Շահագրգիռ քննարկումների արդյունքում որոշվել է բնակարանները տրամադրելու առաջարկ ներկայացնել նախկին սեփականատերերին՝ առաջին երեք տարվա ընթացքում՝ 0 տոկոս, այնուհետև՝ 3% տոկոսադրույքով, առավելագույնը՝ 20 տարի մարման ժամկետով: