Երեկ՝ սեպտեմբերի 5-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչ, 61-ամյա Հմայակ Հակոբյանը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել սեպտեմբերի 2-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով: Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Niva-ն վարել է Օհանավան գյուղի բնակիչ, 30-ամյա Կարեն Հակոբյանը: Վթարի հետևանքով տեղում մահացել էր նույն գյուղի բնակիչ, 59-ամյա Սրբուհի Հակոբյանը, իսկ վարորդ Կ. Հակոբյանն ու ուղևորներ, Հ. Հակոբյանը, Սուսաննա Հայրապետյանը տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից «Արմենիա» բժշկական կենտրոնի, իսկ 5-ամյա Սրբուհի Հակոբյանը՝ «Աշտարակ» բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Բացի երեխայից բոլոր տեղափոխվածները մահացել են:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 2-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 20:00-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի 79 VR 999 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կարբի գյուղի վարչական տարածքում՝ Կարբիի ձորում, ոլորանապտույտ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս էր եկել երթևեկելի գոտուց և մոտ 130 մետր բարձրությունից գահավիժել և հայտնվել «Ավանգարդ» հանգստի գոտու հարևանությամբ գտնվող ձորում: Վթարի հետևանքով 3 հոգի մահացել էին, 2 հոգի, որոնցից մեկը երեխա է, տեղափոխվել էին հիվանդանոց:
Վիրավորներին առաջինը օգնության էին հասել «Ավանգարդ» հանգստի գոտում հանգստացող քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Մահացածներին և վիրավորներին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը և քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Հարություն Գևորգյանը: Վ
երջինս երեխային էր ուղեկցել հիվանդանոց, ում վիճակը բժիշկները գնահատում էին միջին բավարար: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը: Օպերատիվորեն դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հայկ Թումանյանի և բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ Էմիլ Բենիամինովի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: