Օգոստոսի 31-ին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նոր հրաման է ստորագրել, որով հաստատել է 2020-2021 ուստարվա օրինակելի ուսումնական պլանները։
Հաստատությունում (2-12-րդ դասարաններ) գործում է սովորողների գնահատման 10 միավորային սանդղակ։
Գիտելիքների ստուգումների, հիմնական և միջնակարգ կրթության ավարտական և պետական ավարտական քննությունների ժամանակ կիրառվող գնահատման այլ սանդղակները բերվում են գնահատման 10 կամ 20 միավորային գրանցման։
Ուսումնական տարին բաժանվում է կիսամյակների: Սովորողների ընթացիկ գնահատականների հիման վրա ձևավորվում են կիսամյակային, իսկ կիսամյակային գնահատականների հիման վրա` տարեկան գնահատականները: Սակայն առաջին դասարանում սովորողներին ընթացիկ և ամփոփիչ գնահատականներ չեն նշանակվում. ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով: Հաստատությունում խմբային ուսուցման կազմակերպման հիմնական ձևը դասն է: Դասի տևողությունը 45 րոպե է:
Տարրական դպրոցում յուրաքանչյուր դասաժամի միջնամասում որոշակի ժամանակ հատկացվում է լիցքաթափող և վերականգնող վարժություններին ու խաղերին` Նախարարության մեթոդական ցուցումների համաձայն:
Դպրոցական բաղադրիչի տնօրինման կարգ.
1) Դպրոցական բաղադրիչի ժամաքանակը հատկացվում է Ուսումնական պլանի պետական բաղադրիչով տվյալ դասարանի պետական պարտադիր առարկայացանկում նախատեսված և (կամ) Նախարարության կողմից երաշխավորված լրացուցիչ առարկայացանկում ընդգրկված առարկաներին, հոսքային կամ առանձին առարկաների խորացված ուսուցման ծրագրերի իրականացմանը և (կամ) սովորողների նախասիրություններին, ուսումնական հաստատության առանձնահատկություններին, համայնքի կարիքներին համապատասխան կրթություն կազմակերպելու նպատակով:
2) Դպրոցական բաղադրիչի ժամաքանակը պետական պարտադիր առարկաներին բաշխելու դեպքում ուսուցումն իրականացվում է սույն Ուսումնական պլանի միջնակարգ դպրոցի, ինչպես նաև ավագ դպրոցի հոսքերի ուսումնական պլանների հանրակրթական առարկաների համար նախատեսված ծրագրերով:
3) Նախարարության կողմից հաստատված ծրագրերով երաշխավորվում է «Կիրառական տնտեսագիտություն» (9-րդ դասարան), «Կյանքի հմտություններ» (2-8-րդ դասարաններ), «Բնապահպանություն» (7-8-րդ կամ 8-9-րդ դասարաններ), «Էկոլոգիա» (8-9-րդ դասարաններ), «Էներգիայի և ռեսուրսների օգտագործում» (7-րդ կամ 8-րդ դասարան), «Ֆերմերային գործ» (11-12-րդ դասարաններ), «Տրամաբանություն» (11-րդ դասարան), «Գրաբար» (7-րդ կամ 8-րդ և 11-րդ դասարաններ), «Հայոց եկեղեցու պատմություն» (2-4-րդ դասարաններ), «Հայկական հարցի պատմություն» (11-րդ դասարան), «Հոգեբանություն» (7-8-րդ դասարաններ), «Մշակույթի պատմություն» (7-9-րդ դասարաններ), «Տնտեսագիտության» (10-11-րդ դասարաններ), «Ձեռնարկատիրական կրթություն» (10-11-րդ դասարաններ) առարկաների ուսուցումը: Նշված առարկաների ուսուցումը այլ դասարաններում Հաստատության կողմից կարող է իրականացվել դրանց առարկայական ծրագրերը սահմանված կարգով Նախարարության կողմից հաստատվելուց հետո:
4) Հաստատությունը կարող է ներդնել նաև նոր առարկաներ (դասընթացներ)՝ դրանց ծրագրերը Նախարարության կողմից հաստատվելուց հետո:
5) Հաստատության ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչի ժամաքանակի բաշխումը կատարվում է մանկավարժական խորհրդի որոշմամբ՝ ելնելով Հաստատության, դասարանի պատրաստվածությունից, մանկավարժներով, ծրագրերով, դասագրքերով և երաշխավորված լրացուցիչ առարկայացանկի որևէ առարկայի լիարժեք ուսուցման կազմակերպման նպատակով ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հանրակրթական ուսումնական հաստատությունների համար երաշխավորված այլ ուսումնական գրականությամբ ապահովվածությունից և ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ այլ պայմաններից, ինչպես նաև Նախարարության հանձնարարականներից։
6) Դպրոցական բաղադրիչի ժամաքանակի բաշխումը պարտադիր է:
7) Դպրոցական բաղադրիչով սահմանված ժամաքանակի շրջանակում դասավանդվող առարկայացանկը ամրագրվում է Հաստատության ուսումնական պլանում և դասացուցակում։
Ուսումնական գործընթացի կազմակերպումը 12-րդ դասարանում.
1) 12-րդ դասարանի առաջին կիսամյակում ուսումնասիրվող հանրակրթական պետական ծրագրի Ուսումնական պլանի նորմատիվային ծավալը սահմանվում է շաբաթական 34 դասաժամ` ապահովելով 12-րդ դասարանի ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաների ուսումնասիրությունը:
2) Հաստատության 12-րդ դասարանի ուսումնական պլանով նախատեսված առարկաների ուսումնասիրությունն ավարտվում է 12-րդ դասարանի առաջին կիսամյակի վերջում՝ կիսամյակային (տարեկան) գնահատականով և (կամ) ամփոփիչ ատեստավորմամբ (պետական ավարտական քննությամբ), բացառությամբ «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) և սովորողի կողմից երկրորդ կիսամյակում ուսումնասիրության համար ընտրված առարկաների:
3) 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում սովորողի շաբաթական ուսումնական բեռնվածությունը ձևավորվում է պարտադիր ուսումնասիրության «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) (1 ժամ) առարկայի և սովորողի ընտրությամբ առնվազն երեք առարկայի ուսումնառության համար հատկացված ժամաքանակից` ապահովելով առնվազն 31 դասաժամ:
4) Նորմատիվային 34 դասաժամի և սովորողի ուսումնական պարտադիր բեռնվածության 31 դասաժամի տարբերությունից մնացած 3 դասաժամը տնօրինում է սովորողը:
5) 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում սովորողի կողմից ընտրված առարկաներին Հաստատության ուսումնական պլանով հատկացված ժամաքանակը տրվում է այդ առարկաների ուսումնական նյութի կրկնությանը: Ուսումնական նյութի կրկնությունը ինքնուրույն աշխատանքի միջոցով կարող է իրականացվել հեռավար կրթության տեխնոլոգիաների կիրառմամբ։
6) «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) և սովորողի կողմից ընտրված առարկաների ուսումնասիրությունը (կրկնությունը) ավարտվում է 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակի վերջում՝ կիսամյակային (տարեկան) գնահատականով և (կամ) պետական ավարտական քննությամբ:
7) 12-րդ դասարանի 2-րդ կիսամյակում ուսումնասիրության համար իրենց կողմից ընտրված ուսումնական առարկաների ցանկը Հաստատության սովորողները ընթացիկ ուսումնական տարվա առաջին կիսամյակում, մինչև դեկտեմբերի 1-ը գրավոր հայտնում են Հաստատության տնօրենին: Միասնական քննություններ հանձնող սովորողները ցանկում ներառում են նաև միասնական քննական առարկաները:
8) Եթե Հաստատության ուսումնական պլանով նախատեսված որևէ առարկա(ներ) դասարանի սովորողներից ոչ մեկը չի ընտրել, ապա այդ առարկային(ներին) ուսումնական պլանով հատկացված ժամաքանակը վերաբաշխվում է տվյալ դասարանի սովորողների կողմից ընտրված ուսումնական առարկաներին, և կազմվում է տվյալ դասարանի 2-րդ կիսամյակի ուսումնական պլանը:
9) Դասարանի ուսումնական պլանին համապատասխան` կազմվում է տվյալ դասարանի դասացուցակը:
10) Մեկից ավելի դասարանների առկայության դեպքում կարող են ձևավորվել միևնույն առարկան ուսումնասիրող զուգահեռ դասարանների սովորողներից կազմված ուսումնական խմբեր: Այդ դեպքում տվյալ ուսումնական առարկայից անհրաժեշտ գրանցումները կատարվում են առարկայական դասամատյանում: Կիսամյակային և տարեկան գնահատականներն այնուհետև փոխանցվում են դասարանի հիմնական դասամատյան:
11) 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում սովորողի կողմից ընտրված առարկաների ուսումնական նյութի կրկնությունը սույն հավելվածի 20-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջներին համապատասխան կազմակերպվում է դասարանային (դասացուցակին համապատասխան) և արտադասարանային ինքնուրույն ուսումնական գործունեության տեսակներով:
12) Սովորողը մասնակցում է միայն իր ընտրած առարկաների դասարանային ուսումնական պարապմունքներին:
13) Եթե սովորողի կողմից ընտրած առարկաների դասարանային ուսուցման պարապմունքների ընդհանուր ժամաքանակը շաբաթվա ընթացքում պակաս է 31 դասաժամից, ապա պակաս ժամերի չափով նա մասնակցում է արտադասարանային ուսումնական պարապմունքներին:
14) Սովորողի արտադասարանային պարապմունքներին մասնակցության տևողությունը որոշվում է 31 ժամի և սովորողի դասացուցակային բեռնվածության տարբերությամբ:
15) Արտադասարանային պարապմունքներին սովորողի(ների) մասնակցությունը հաշվառվում է և գրանցվում համապատասխան մատյանում:
16) Արտադասարանային ինքնուրույն ուսումնական գործունեության տեսակներ են՝ ուսուցիչների կողմից տրված հանձնարարությունների կատարումը, լրացուցիչ ուսումնական գրականության և այլ աղբյուրների ուսումնասիրումը, գործնական և փորձնական աշխատանքների կատարումը, հիմնահարցերի հետազոտումը, ստեղծագործական աշխատանքը, տեխնիկական սարքերով և գործիքներով աշխատանքների կատարումը, գրավոր աշխատանքները, նոր տեխնոլոգիաների, համակարգչային ծրագրերի կիրառումը, անհատական և խմբային, ինքնուրույն և համագործակցային աշխատանքների կատարումը, ուսումնական էքսկուրսիաների անցկացումը և այլն:
17) Սովորողն իր տնօրինմանը հատկացված 3 ժամը կարող է օգտագործել կրթական այլ ծառայություններ ստանալու նպատակով` տվյալ Հաստատությունում կամ այլ հաստատություններում:
Հրամանը ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 13-ից։