iravaban.net-ը գրում է. Այս ուսումնական տարին այլ կլինի բոլորի համար։ Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված, դպրոցներում ուսումնակրթական գործընթացը կկազմակերպվի պարետատան կողմից սահմանված ուղեցույցի համաձայն։ Կանոնները մի շարք քննարկումների առիթ են դարձել։ Շատ հարցեր են առաջացել նաև դպրոցների տնօրենների մոտ։
«Ես ինքս զարմացա, անհանգստացա, որովհետև այնպիսի կետեր կային, որոնք գրեթե անհնար է իրականացնել։ Տպավորություն է, որ այս ամենը գրվել է չկատարելու համար»,-նշում է Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցի տնօրեն Մարիետա Դավթյանը։
Ինչպես ծնողների, այնպես էլ դպրոցի տնօրենի առաջին հարցը վերաբերում է դիմակներին․ ինչպե՞ս ստիպես առաջին դասարան գնացող երեխային դիմակ դնել, երբ նա անգամ չգիտի, թե դասարանն ինչ բան է․ «Դեռ չգիտի, որ ամբողջ 45 րոպե պետք է նստի իր տեղում ու չմոտենա գրատախտակին, որ մենակ չի կարող գնալ իր հոգսերը հոգալու, դա մի քիչ չէ, բավականին դժվար է»։
Տնօրենը նշում է, որ շատ ծնողներ են իրեն զանգահարել ու հայտնել՝ այս պայմաններով իրենց երեխաներին դպրոց չեն տանի։ Ծնողների հետ առցանց հանդիպումներ են կազմակերպեվել, մի մասը համաձայնել է երեխային դպրոց բերել, մյուս մասը՝ ոչ․ «Ծնողները ավելի շատ սխալ իրազեկված են, ոչ ճիշտ, ոչ պաշտոնական կայքերից, փողոցի խոսակցություններից, ավելի բարդացված, որ այս է լինելու, այն է լինելու։ Երբ ըստ ուղեցույցի մանրամասն, հոգեբանորեն բացատրում ենք խոսում ենք․․․ Բոլորս էլ մայրեր ենք, ծնողներ ենք, բոլորս էլ հասկանում ենք՝ երեխաներ են, նրանք էլ են հանգստանում»։
Մարիետա Դավթյանի խոսքով՝ 100 տոկոսով կանոնների պահպանումն ապահովելն անհնար է։