Կալանավորված անձ Վահագն Աբգարյանին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Ս. Մ.-ն: Վերջինսկասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն արարքների կատարման մեջ, որ, 25.07.2019 թվականից մինչեւ 03.03.2020 թվականը զբաղեցնելով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները եւ ՔԿՀ աշխատակիցներին դրդել պաշտոնեական կեղծիք կատարելուն: Այս մասին հայտնում են ՀՔԾ-ի լրատվության ծառայությունից։
Մասնավորապես՝ քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2020 թվականի փետրվարի 24-ին Ս. Մ.-ն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի` տվյալ օրվա հերթափոխային ծառայությունում ընդգրկված, հերթապահ խմբի պատասխանատու հերթապահ Հ. Ա.-ին հանձնարարել է Վահագն Աբգարյանին վերջինիս խցից ուղեկցել նույն ՔԿՀ-ի մեկ այլ մասնաշենքում գտնվող ընդունելությունների համար նախատեսված սենյակ՝ հիմնարկի դատապարտյալների հետ զրուցելու համար: Վահագն Աբգարյանին հիմնարկի պետի մոտ ուղեկցելու պատրվակով Վ. Աբգարյանը դուրս է բերվել իր խցից, Հ. Ա.-ի կողմից ուղեկցվել է հիմնարկի` ընդունելությունների համար նախատեսված սենյակ, որտեղ այդ պահին նրան արդեն իսկ սպասող դատապարտյալները վիճաբանել են նրա հետ եւ հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ առողջությանը պատճառելով թեթեւ վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք:
Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաեւ, որ Վահագն Աբգարյանի կողմից մարմնական վնասվածք ստանալու իրական դեպքը թաքցնելու խմբային շահերից ելնելով` ՔԿՀ պետ Ս. Մ.-ն Հ. Ա.-ին եւ հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի մասնագետ Զ. Պ.-ին դրդել է կատարել պաշտոնեական կեղծիք, այն է՝ հանձնարարել է կազմել իրեն հասցեագրված զեկուցագիր առ այն, թե իբր Վահագն Աբգարյանն իր խցի սանհանգույցից դուրս գալուց հետո սայթաքել եւ վայր է ընկել, ինչի հետեւանքով էլ ստացել է մարմնական վնասվածք: Արդյունքում Զ. Պ.-ն Հ. Ա.-ի օժանդակությամբ կազմել է իրականությանը չհամապատասխանող` վերը նշված բովանդակությամբ կեղծ զեկուցագիրը:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: