ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ եւ Հանրապետության նախագահի հրամանագրերով Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ մասնակից, կապիտան Ռուբեն Սանամյանն այսօր՝ օգոստոսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում, հանդիսավոր կարգով պարգեւատրվեց Ազգային հերոսի կոչումով՝ Հայրենիքի շքանշանով։
Ազգային հերոսի կոչման արժանացած կապիտան Սանամյանը հուլիսյան մարտերի ժամանակ հմտորեն ղեկավարել է հատուկ հետախուզական միջոցառումներ իրականացնող խմբի անձնակազմը՝ անձնական օրինակով քաջալերելով զինծառայողներին, առաջադրելով անհատական խնդիրներ, կազմակերպելով «ԱՆՎԱԽ» մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի բազմակի գրոհների կասեցումը, նրա կենդանի ուժին, սպառազինությանն ու ռազմական տեխնիկային հասցնելով զգալի կորուստներ: Ըստ Պաշտպանության նախարարության՝ չխնայելով սեփական կյանքը, խմբի մարտիկների հետ միասին դիրքի մատույցներում Սանամյանն իրականացրել է բարդ ու վտանգավոր ինժեներական աշխատանքներ, հետախուզմամբ հայթայթել արժեքավոր փաստաթղթեր, զենք, զինամթերք, մի շարք տեխնիկական միջոցներ և այլ տվյալներ:
Որպես հրամանատար՝ կապիտան Սանամյանը ճշգրիտ է վերլուծել հակառակորդի գործողությունները, գնահատել իրադրությունը, նախորոշել հնարավոր զարգացումները և դիրքի անձնակազմի հետ համատեղ ջանքերով անառիկ պահել «Անվախ» մարտական դիրքը:
Ռուբեն Ռազմիկի Սանամյանը ծնվել է 1976թ. սեպտեմբերի 22-ին, Տավուշի մարզի ք. Դիլիջանում: 1995-1997թթ. անցել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն ՊԲ առաջնագծի զորամասերից մեկում: 2006թ. անցել է պայմանագրային զինվորական ծառայության:
Ամուսնացած է. ունի երկու երեխա:
2012 թ-ին Ռ․ Սանամյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։