Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Որոշել եմ քաղաքական բառապաշար մտցնել մի բառ, որ զարգացած Արևմուտքում վաղուց է քաղաքական լեքսիկոնի մաս, իսկ արևելյան կեղծախոսությամբ և մեղմախոսությամբ տառապող և ուղղախոսությունն ատող Հայաստանում` դեռևս թաբու է:
Դա, ի թիվս այլոց` «ապուշ» բառն է:
Բայց այդ մասին` քիչ ավելի ուշ:
Ադրբեջանի հրապարակած տեսանյութը, որտեղ մեր սպան ստիպողաբար տեքստ է կարդում և հստակ այդ մասին հասկացնում իր դիմաշարժով` ոչ թե նրա դավաճանության` ինչպես որոշ ապուշներ են ասում, այլ` անմարդկային կտտանքների ապացույց է:
Թեզը` թե գերի ընկածը պետք է հերոսաբար դիմանա բոլոր անմարդկային կտտանքներին և որևէ կերպ տեղի չտա անդիմանալի ճնշումներին` տոտալիտար բռնապետություններին հատուկ մոտեցում է: Այդպես պատերազմում գերի ընկած գրեթե բոլորին Ստալինը ոուակել էր դավաճաններ և շատերն ավելի բախտավոր եղան մնալով գերության մեջ` քան վերադառնալով խորհրդային տոտալիտար ցեղասպանի չէկա-ի գիրկը: Ժողովրդավարական երկրներում ճնշման տակ խոսելը լիովին ընկալվում է և չի համարվում դավաճանություն: Հայտնված կամ հնարավոր հայտնվելիք տվյալներն արագ կորցնում են իրենց արժեքը, իսկ գերու կյանքը վեր է ամեն ինչից:
Ընդհանրապես ռազմագերին և թշնամուն ներսից տվյալներ հաղորդող լրտեսը բոլորովին տարբեր բաներ են և Արևմուտքում ու ոչ արևմտյան ժողովրդավարություններում դա շատ լավ հասկանում են:
Նախ` դավաճաններ են այս սպային դավաճան անվանողները: Եվ ոչ միայն դավաճաններ, այլև` վտանգավոր ապուշներ:
Ապա` այս տեսանյութն ապացույց է այն այլևս անհերքելի փաստի, որ անմարդկային բռնություններ են կիրառվում մեր զինվորականի նկատմամբ: Ընդ որում` այդ փաստը չբացահայտելու և վերադարձն անհնար դարձնելու պատճառով` նրա խոսքում ադրբեջանցի հայախոս տեքստագիրը ներառել է հատված թե իբր գերին չի ուզում վերադառնալ Հայաստան: Ամեն բան դասական ֆաշիզմի կանոններով է կարված:
Հիմա ամենակարևորի մասին:
Օրեր են անցել: Տեղյա՞կ է արդյոք ժողովուրդը, թե երկրի ղեկավարությունն ինչ է անում այս սպային և մյուսներին ազատելու ուղղությամբ: Եղե՞լ է արդյոք ուղերձ ժողովրդին, տրվե՞լ է արդյոք խոստում:
Մարդիկ, որոնք պնդելու են թե դա միայն կուլիսային` գաղտնի աշխատանք է և չի կարելի այդ մասին բարձրաձայն խոսել` ապուշ են: Դարձյալ — վտանգավոր ապուշներ:
Կուլիսային են բանակցությունների մանրամասները: Խնդրին անդրադարձն ու վերադարձնելու կամքի մասին հայտնելն ու դրանով պատասխանատվություն ստանձնելը չեն կարող կուլիսային և գաղտնի լինել:
Հայաստանում կուլիսային է ողջ գործընթացը: Ընդ որում` դատելով բոլոր նախորդ գերիների վիճակից և նաև այս տևական լռությունից` այդ կուլիսներում ոչինչ էլ չի կատարվում:
Կարևորը թատրոնի բեմին բարձրորակ ասֆալտ է փռվում:
Գերի՞: Չէ´, չենք լսել:
Դավաճաննե´ր:
Եվ …
Ապուշնե´ր: