Ալեքսեյ Նավալնիին թունավորել են, հայտնում են Բեռլինի «Շարիտե» կլինիկայի մասնագետները: Միևնույն ժամանակ, դեռևս հայտնի չէ, թե ինչպիսի նյութից է առաջացել թունավորումը։ Սակայն թունավորման փաստը բազմիցս հաստատվել է մի քանի լաբորատոր փորձաքննությունների արդյունքների հիման վրա։ «Հիվանդության արդյունքը մնում է անորոշ։ Չի կարելի բացառել նրա առողջության վրա երկարաժամկետ հետևանքները, հատկապես՝ ցանկացած պահի կարող է խաթարվել նրա նյարդային համակարգի աշխատանքը», — ասված է «Շարիտեի» հաղորդագրության մեջ:
Կլինիկայի մամուլի ծառայությունից պարզաբանել են, որ «Հակակոռուպցիոն հիմնադրամի ղեկավարը» գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ արհեստական կոմայի մեջ: Հիվանդի վիճակը գնահատվում է որպես ծանր, բայց կյանքի համար լուրջ սպառնալիք չկա: