Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Երևանի գրասենյակը մոլորված սպա Գուրգեն Ալավերդյանի դեպքի վերաբերյալ համապասխան ընթացակարգերով գործողություններ կիրականացնի, երբ ստանա համապատասխան հաստատումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։ «Սպա Գուրգեն Ալավերդյանի դեպքի վերաբերյալ հաստատում ստանալու դեպքում համապատասխան ընթացակարգերով գործողություններ կիրականացվեն»,- ասաց Ամատունին:
Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների կողմից հաստատում ստանալն ընթացակարգային անհրաժեշտություն է, որից հետո միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Երևանի գրասենյակը կարող է անցնել ընթացակարգով նախատեսված այլ գործողությունների իրականացմանը:
Պաշտոնապես չի հաստատվել հայ սպայի՝ Ադրբեջանում հայտնվելու լուրը, թեև դրա մասին առանց պաշտոնական աղբյուրի հիշատակել են ադրբեջանական լրատվամիջոցները:
ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ սպա Գուրգեն Ալավերդյանը շփոթվել և մոլորվել է եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով՝ օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու խնդիրները լուծելիս: Իրականացվում են որոնողական աշխատանքներ: ՀՀ ՊՆ-ն Ադրբեջանի պաշտպանության նախարարության` դիվերսիայի մասին տարածած հաղորդագրությունը, որով մոլորվածը ներկայացվում է որպես դիվերասանտ, ապատեղեկատվություն է համարում: