«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինք»-ի խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանը։
– Սերժ Սարգսյանն իր ասուլիսում անդրադարձել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությանը, թե բանակում դիզվառելիքն անորակ է եղել, ինչի հետևանքով զինտեխնիկան լավ չի աշխատել։ Նա նշել է, որ զրուցել է Կարեն Կարապետյանի հետ, նա խոստովանել է, որ դա վրիպում է եղել։ Ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում ասուլիսը, և որքանո՞վ էր Սերժ Սարգսյանը անկեղծ իր պատասխաններում։
– Սա ինձ հիշեցնում է այն պատմությունը, որ տարիքով մեկը տեսնում է՝ իր մահանալու ժամանակն է, տղային խնդրում է, որ իր ծնոտը շարժի, որպեսզի մարդիկ տեսնեն՝ ողջ է, չտանեն թաղեն։ Սերժ Սարգսյանի հայտարարությունները իրենցից դա էին ներկայացնում։ Նաև Ապրիլյան պատերազմի հետ կապված իր արդարացման համար ինչ-որ բաներ է ասում։ Ես տեղյակ եմ, որ ապրիլյան պատերազմի ԱԺ քննիչ հանձնաժողովում ինչ-որ բաներ է պարզվել, ու հիմա Սերժ Սարգսյանը իրեն ապահովագրում է։
– Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ Ապրիլյան պատերազմում մենք հաղթել ենք, ոչ թե պարտվել։ Սա ինչպե՞ս եք գնահատում։
– Եթե առաջնորդվենք իր ասածով, ապա ղարաբաղյան պատերազմի 4 տարիներին եթե մենք այդպիսի «հաղթանակներ» ունենայինք, Հայաստանը վաղուց պրծած կլիներ։ Մենք, ճիշտն ասած, այդպես չենք հաղթանակներ ունեցել։ Եթե մենք 4 օրում 100-ից ավելի զոհեր տայինք, 800 կամ 400 հեկտար տարածքներ տայինք, 4 տարվա ընթացքում մենք կտայինք ոչ միայն Ղարաբաղը, այլև Հայաստանն էլ հետը։ Այլ խնդիր է, որ հայ զինվորներն ու սպաները իրենց կյանքով, իրենց արյամբ առաջին գծում պահեցին։ Այն, որ ինքը կասեցրեց, դադարեցրեց, չթողեց առաջխաղացումը, որպեսզի մենք դիրքերը հետ վերցնենք, դա որևէ ձևով չի արդարացվելու։ Պատմությունն ամեն մեկին իր տեղն է դնելու, և այս հարցում արդարացում չի լինելու։
– Սերժ Սարգսյանը նաև հայտարարել է, որ երկրի ներսում որոշ ուժեր արդեն չորս տարի է՝ ստեղծում ու տարածում են միֆեր, բացարձակ ստեր, թե Ապրիլյան պատերազմի ժամանակ բահերով են կռվել, զինվորները սոված ու առանց փամփուշտի են եղել, դիզվառելիքի փոխարեն ջրով լիցքավորված զրահատեխնիկա է գործել։ Այս մասով ի՞նչ է Ձեզ հայտնի։
– Դե, եթե ամեն ինչ եղել է, բայց զինվորը բահերով է կռվել, ուրեմն ապրեն իրենք։ Ուրեմն մեր զինվորները մենակ էդ զենքին են տիրապետում։ Ո՞նց կարող է նման բան լինել, որ զենք-զինամթերքը տեղում լինի, բայց զինվորը ապավինի բահերին։
– Բայց բահերո՞վ են կռվել։
– Ես այդ օրերին եղել եմ Թալիշում, իհարկե, մեզ մի քանի օր պահել են Վարդենիսում, մի քանի օր ուշ ենք հասել, բայց այն, ինչ ես տեսել եմ, պաշտպանություն իրականացնելը խնդիր չէր լինի, եթե նորմալ, ժամանակին բոլորն իրենց տեղերում լինեին։ Զինվորն այնտեղ իրականում, այո, անպաշտպան է եղել։ Ես միշտ ասել եմ, որ նախ զինվորը պետք է պաշտպանված լինի, որ նաև պաշտպանություն իրականացնի։ Եվ ոչ միայն այդ հատվածում, բոլոր հատվածներում էլ նույն բարձիթողի վիճակն է եղել, արխային են եղել։ Պատահական չէ, որ ինքն ասում է, թե խաբեցին։ Այնինչ ինքը պաշտպանության նախարար է եղել և գերազանց գիտի, որ մենք մշտական պատերազմի մեջ ենք, և մեր զգոնությունը երբեք չպետք է թուլացնենք, ինչքան էլ ուզում է դրսից երաշխիքներ տան։
– Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ Ապրիլյան պատերազմում հաղթել ենք, որովհետև ձախողել ենք Ադրբեջանի պլանները։ Այդ իմաստով որքանո՞վ էր քառօրյա պատերազմը հաղթանակ։
– Եթե մենք հասել ենք նրան, որպեսզի գոնե հերքենք այն, թե Ադրբեջանն ինչ է առաջարկում, և դա համարենք հաղթանակ, ես չեմ պատկերացնում, որ մարդը կարող է այդպես մտածել։ Էդ մենք պետք է Ադրբեջանի առաջ խնդիրներ դնենք, ոչ թե հարմարվենք կամ վիժեցնենք իրենց առաջարկությունները։ Երբվանի՞ց Ադրբեջանը սկսեց մեզ ահաբեկել. երբ բանակը թալանվեց, և երկիրը դարձավ մի քանի հոգու սեփականությունը։ Այո, մենք մեր կերպարից էլ ընկանք։ Ուժեղի հետ հաշվի են նստում, իսկ մենք թույլ էինք կառավարման առումով, մենք թույլ էինք երկրի ղեկավարների վարած արտաքին քաղաքականության առումով, մենք թույլ էինք մեր բանակի նկատմամբ ուշադրության պակասի առումով, մեր զինվորի անպաշտպան լինելու առումով։ Իսկ պետք է խոսել ուժի դիրքերից։
– Ամեն դեպքում Սերժ Սարգսյանի ինչի՞ն էր պետք այսպիսի ասուլիս տալ, երբ Ապրիլյան պատերազմի հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովն ամփոփում է իր աշխատանքը։ Նա իրեն ապահովագրելու խնդի՞ր ուներ։
– Իհարկե, ուներ։ Այդ ինչպե՞ս է լինում, որ սկզբում հայտարարում է, որ բոլոր հարցերին կանդրադառնա արտակարգ դրության ավարտից հետո, բայց տեսնելով, որ արտակարգ դրությունից հետո կարող է չհասցնել, արդեն ԱԺ քննիչ հանձնաժողովի եզրակացությունն է լինելու, փորձեց ժամանակից շուտ իրեն ապահովագրելու քայլ անել, որը ոչ մի բանով իրեն չի օգնելու։ Որովհետև ամեն մեկս մեր տեղում պետք է պատասխան տանք յուրաքանչյուր զինվորի արյան ամեն մի կաթիլի համար։ Մենք այդպես ենք կռվել, պատերազմն այդպես ենք հաղթել։ Ամեն մի հրամանատար, ջոկի, դասակի, մինչև բրիգադի հրամանատար՝ ամեն մեկս մեր չափով պատասխան ենք տվել։ Հիմա իրենք էլ պետք է պատասխան տան։ Հետախուզությունը վրիպել է։ Ինքն ասում է՝ բացթողում է, բայց այդ բացթողումի հետևանքով 100-ից ավելի մարդ է զոհվել, տարածքներ ենք կորցրել։ Այստեղ հանցագործության մասին չի՞ խոսքը։
Բացթողնման հետևանքով 2 կգ վարունգ է կորում, բայց այստեղ 120-130 հոգի մարդ է զոհվել։ Սա թերանալ չի, այլ հանցագործություն։ Եթե ինքն ասում է, որ հետախուզության մեղքն է, ապա այդ մարդիկ պետք է պատժվեին դաժան ձևով, բանակի օրենքներով պետք է դատապարտվեին։ Եթե դրանք բացթողումներ են, թերացումներ են, որի համար ընդամենը պաշտոնի իջեցում պետք է լիներ, ապա ստացվում է, որ բոլորին ամեն ինչ թույլատրվում է։
Դրա համար էլ այդ օրին են հասել։ Բոլորը հիշում են՝ մի կին կար, որին իր երեխաների համար մի քանի պահածո գողանալու պատճառով դատում էին։ Այսինքն՝ մի քանի պահածոյի գողությունը հանցանք էր, իսկ 100-ից ավելի մարդու զոհվելը, տարածքների կորուստը հանցանք չէ՞ր։ Ասում է՝ ավելորդ տարածքներ են, մինչդեռ դա մեր անվտանգությունն էր ապահովում։ Այսօր Մատաղիսն ու Թալիշը ուղիղ կրակի տակ են։ Դրա պատասխանն ո՞վ է տալու։ Այդ տարածքները, որ ժամանակին մենք ազատագրել ենք այդքան մարդու կյանքի գնով, փաստորեն անիմաստ են եղել, հա՞։ Ես ուղղակի ցավում եմ, որ այդ մարդը երկար տարիներ պաշտպանության նախարար է եղել։ Մարդ, որը շատ լավ գիտի, թե ինչ գնով և ինչպես են այդ տարածքներն ազատագրվել։
Ո՞նց կարելի է այդպես մտածել այդ տարածքների մասին։ Այլ խնդիր, որ իշխանատենչությունը, իշխանությունը պահելու մոլուցքն ընկել է իրենից առաջ։ Դա կուրացրել է իրենց։ Դրա համար պետք է պատասխան տան իրենք։ Որ մեկս էլ լինենք, պետք է պատասխան տանք մեր արածների համար։ Ես եղել եմ մինչև գնդի հրամանատար և ամեն արածների համար պետք է պատասխան տամ, ամեն զոհի համար պետք է պատասխան տամ։
– Սերժ Սարգսյանն իր ասուլիսում որևէ հարցի պատասխան տվե՞ց Ձեր կարծիքով։ Ձեզ համար որևէ նորություն կա՞ր նրա ասածներում։
– Ինձ համար չկար, բայց իրենք նման կերպ պետք է վարվեն, բոլորն էլ պաշտպանվելու իրավունք ունեն։ Հիմա ինքը ձեռնամուխ է եղել ինքնապաշտպանական քայլեր անելու և նաև ինչ-որ տեղ ոգևորելու, դուխ տալու, որ տեսեք՝ ես մամուլի ասուլիս կարող եմ անել, իմ թիմակիցներ, դեռ ամեն ինչ կորած չի։ Ինչո՞ւ է նա ազատության մեջ, որ մի հատ էլ ասուլիս տա «Հարսնաքարում», որի տերը փախած է, Ռուսաստանում է, իսկ մենք ժողովրդի հաշվին իր թալանած ունեցվածքը չենք պետականացնում։ Հենց այդ անպատժելիությունն էլ բերում է դրան։
Դրա համար էլ Սերժ Սարգսյանն ասուլիսով ուզում է ոգևորել իր թիմակիցներին, նաև հող նախապատրաստել, որ քննիչ հանձնաժողովի զեկույցից հետո փորձի ասել, որ ինքը դրա հետ կապ չունի, փորձի վեկտորն ուղղել հետախուզության կողմը։ Հիմա պարտություն կրած ղեկավարը փորձում է ներկայացնել, թե դա հաղթանակ էր։
Իրականում, այո, գուցե պարգևների առումով շատ շռայլություններ են արվել, ասենք, «Մարտական խաչ» տրվել է ջոկատների, նաև խրախուսումներ են արվել, որպեսզի հակառակորդն իմանա, որ դրանք մեզ համար հաղթանակներ են։ Այսինքն՝ մենք հիմա ինչ անում ենք ներսում, դա նաև դրսի համար է, նաև հակառակորդի ժողովրդի մեջ իրենց իշխանության նկատմամբ կասկածներ սերմանելու համար է։ Ավելի լավ է, որ մենք չնչին հաղթանակների համար շատ պարգևներ տանք, քան ամեն անգամ արդարանանք այդ տարածքները կորցնելուց հետո։