Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Խաչատուր Ե.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործը քննվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ:
Ամբաստանյալը՝ Խաչատուրը, Վերին Շորժայի նախկին գյուղապետի որդին է:
Նա մեղադրվում էր որպես զենք գործածված առարկայի գործադրմամբ կատարած խուլիգանության և ապօրինի գազային ատրճանակ կրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ և 235 հոդվածի 4-րդ մասերով:
Այս գործով քննությունը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատրանում սկսվել է 2017 թվականի հունիսից: Գործի քննությունը նախ եղել է դատավոր Մնացական Հարությունյանի վարույթում: Երբ դատավորը տեղափոխվել է վերաքննիչ քրեական դատարան, 2018 թվականի ապրիլին այս գործը մակագրվել է դատավոր Յուրիկ Իսկոյանին, ում նախագահությամբ էլ գործի քննությունն ավարտվել է 2020 թվականի հուլիսին:
Բուն դեպքը տեղի է ունեցել դատավճռի հրապարակումից մոտ 4 տարի առաջ՝ 2016 թվականի նոյեմբերի 23-ին, այսպես ասած՝ նախորդ իշխանությունների օրոք: Դեպքի պահին ամբաստանյալը՝ Խաչատուր Ե.-ն 24 տարեկան էր:
Ըստ մեղադրանքի՝2016 թվականի նոյեմբերի 23-ին Խաչատուր Ե.-ն իմանալով, որ Գեղարքունիքի մարզի Այրք գյուղ գնացող ջրագծի խողովակաշարի սառչելու պատճառով Այրք գյուղի բնակիչ Գագիկ Զ.-ի ու իր հոր՝ Վերին Շորժա համայնքի այն ժամանակվա ղեկավարի միջև տեղի է ունեցել հեռախոսային տհաճ խոսակցություն, իր վարած «UAZ» մեքենայով Վարդենիս քաղաքից գնացել է Այրք:
Ժամը 18-ն անց 30-ի սահմաններում հասնելով Այրք գյուղ՝ գյուղամիջյան ճանապարհին Խաչատուրը տեսել է գյուղի ջրամատակարարումը վերականգնած Գագիկ Զ.-ին ու նրա մի քանի համագյուղացիներին: Խաչատուրը, ըստ մեղադրանքի, մեքենան կանգնեցրել, իջել է մեքենայից, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հավաքվածների նկատմամբ՝ հայտարարել է, թե դատավորն իր բարեկամն է, եղբայրը անձնագրայինի պետն է, ոստիկանությունն էլ է իրենը:
Ըստ մեղադրանքի՝ Խաչատուր Ե.-ն իր կողմից ապօրինի կրած «Կոլտ» մոդելի գազային ատրճանակը հանել ու գործադրել է՝ կրակոցներ է արձակել իրեն մոտեցող Գագիկ Զ.-ի ուղղությամբ: Վերջինս ուշագնաց է եղել: Դեպքի վայրում մյուս հավաքվածների ինքնազգացողությունն էլ է վատացել կրակոցներից, առաջացել է վախի զգացում:
Ամբաստանյալ Խաչատուր Ե.-ն ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ դեպքի օրը եղել է Երևանում, ապա վերադարձել է Վարդենիս: Հայրը տանն էր, հեռախոսով խոսում էր Գագիկ Զ.-ի հետ: Հեռախոսային խոսակցությունից հետո հայրն ինքն իրեն խոսել է՝ ինչու է Գագոն իրեն մեղադրում ջրերի սառչելու համար, եթե ինքը ջուրը փակեր, իր ֆերման էլ կտուժեր…
Ինքը հորը հարցեր չի տվել, որոշել է գնալ ֆերմա: Դուրս է եկել, տեսել է «Վիլիսը» բակում է: Նստել ու շարժվել է դեպի Վերին Շորժա: Ընթացքի ժամանակ մեքենայի նստատեղի տակից մի առարկա դիպել է ոտքին, ինքը տեսել է, որ դա եղբորը պատկանող գազային ատրճանակն է: Նորից դրել է նստատեղի տակ ու շարունակել է ընթացքը:
Հասել է Այրք գյուղի վերջնամաս: Հեռվից տեսել է, որ մի «Վիլիս» է կանգնած, մոտը մարդիկ են հավաքված: Նրանցից մեկը առանձնացել, եկել է դեպի իր մեքենան, ձեռքով կանգնելու նշան է արել: Ինքը կանգնել է, այդ անձը բացել է մեքենայի դուռը, նայել է մեքենայի սրահի ներսը ու հարցրել է, թե ուր է իր հայրը: Ինքը պատասխանել է, որ հայրը Վարդենիսում է: Իջել է մեքենայից ու հարցրել է, թե ինչ է պատահել:
Գագիկն ու մի քանիսը գոռգոռալով հարցրել են՝ ինչո՞ւ եք փակել մեր գյուղի ջրերը: Ինքը փորձել է պարզաբանել, բայց հավաքվածները գոռացել են, ասել են՝ իբր իր հայրն է ջրագիծը փակել ու սառցրել: Այդ ընթացքում Գագիկը քաշքշել է իրեն, հայհոյել է: Ինքը զգացել է, որ հագուստը պատռվել է, փորձել է ազատվել նրա ձեռքերից: Հավաքվածների միջից ասել են՝ լոմերը, բահերը բերեք: Ինքը խուճապի է մատնվել, մտածել է, թե այդ մարդիկ իրեն վնաս կպատճառեն: Հիշել է եղբոր գազային ատրճանակը, մի կերպ ազատվել է Գագիկի ձեռքերից, մեքենայի նստատեղի տակից հանել է գազային ատրճանակը ու մի անգամ օդ է կրակել, որ հավաքվածները հանդարտվեն, իրեն մոտ չգան: Նկատել է, որ մեկը ինչ-որ առարկայով ուզում է իրեն մոտենալ, մի անգամ էլ է օդ կրակել, վազելով նստել է մեքենա ու հեռացել է: Ճանապարհից զանգել, կատարվածի մասին հայտնել է հորը: Նրան սպասել է անասնաֆերմայում: Հայրն ու եղբայրը եկել են: Իրենք միասին վերադարձել են Վարդենիս, գնացել են ոստիկանություն: Բայց այնտեղ արդեն տեսել են Գագիկ Զ.-ին ու զարմացել են, որ նա է գնացել ոստիկանություն այն դեպքում, երբ նա էր վեճը հրահրել ու վիրավորել իր հայրիկին:
Տուժող Գագիկ Զ.-ն հայտնել է, թե դեպքի օրը Այրք գյուղի ջուրը կտրվել էր, համագյուղացիներով գնացել էին իմանալու, թե ինչ է պատահել: Գնացել ու նորոգել են ջրագիծը: Իրենք կասկածել են, որ ջուրը փակել է Վերին Շորժայի այն ժամանակվա գյուղապետը: Զանգել են նրան, նա չի եկել: Իրենց մեջ լեզվակռիվ է եղել: Իրենք վերադարձել են Այրք, Խաչատուրը հոր «Վիլիսով» եկել է, իրենք նրա հետ վիճել են, ասել են, որ նրա հայրն է իրենց գյուղի ջուրը կտրել: Նա էլ վրդովվել, «գազովի» ատրճանակով երկու-երեք անգամ կրակել է, իրենք փախել են: Իրենք կարծել են՝ իսկական զենք է, բայց կրակելուց հետո հոտ է եկել, պարզվել է՝ «գազովի» ատրճանակ է:
Տուժողն ասել է՝ եթե ինքը չկանգնեցներ Խաչատուրի մեքենան, նա կարող էր չկանգնել: Խաչատուրն իր վրա չի կրակել, ինքը ուշագնաց չի եղել, ինքը չի տուժել Խաչատուրի գործողություններից, մարմնական վնասվածք չի ստացել: Նրանից ինքը որևէ պահանջ, բողոք չունի, չի ուզում, որ նա ենթարկվի քրեական պատասխանատվության:
Դատարանում հրապարակվել է տուժողի նախաքննական ցուցմունքը: Այնտեղ ասվում էր, որ Խաչատուրը մեքենայից իջնելով՝ գոռացել է. «Ի՞նչ եք ուզում հորիցս, ի՞նչ ջուր, ի՞նչ բան, պասպորտ սեղանի պետն իմ ախպերն ա, քաղմասն իմն ա, դատավորն իմն ա»: Այդ խոսքերին զուգահեռ՝ նա գոտկատեղի ձախ մասից հանել է ատրճանակ ու առանց այլ բան ասելու՝ մոտ երկու մետր հեռավորությունից երկու-երեք անգամ կրակել է իր ուղղությամբ: Ինքն ուշագնաց է եղել: Երբ ուշքի է եկել, աչքերը մռմռացել են, հասկացել են, որ կրակոցները եղել են գազային ատրճանակից…
Դատարանում հարցրել են տուժողին՝ ինչո՞ւ են նախաքննական ցուցմունքները հակասում դատաքննականին: Տուժողը պատասխանել է, թե այն ժամանակ ուղղակի ջղայնացած է եղել, ուզեցել է, որ Խաչատուրը «տուժվի», չափազանցրել է, հիմա փոշմանել է, ճիշտն է ասում… Ինչ վերաբերում է նրան, որ ինքն է առաջինը գնացել ոստիկանություն ու հաղորդում տվել, ապա սխալվել է, այն ժամանակ մի քիչ խմած է եղել…
Դատարանը եկել է եզրահանգման, որ Խաչատուր Ե.-ի արարքում բացակայում է զենքի կամ որպես զենք գործածված առարկայի գործադրմամբ խուլիգանության հանցակազմը, մեղադրանքի այդ մասով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով, ամբաստանյալը ենթակա է արդարացման:
Դատարանը եզրահանգել է՝ եթե Գագիկ Զ.-ն Խաչատուրի «Վիլիսը» չկանգնեցներ, ապա ոչ մի ապացույց չկա, որ Խաչատուրը այդ վայրում կկանգներ ու վիճաբանության մեջ կմտներ հավաքվածների հետ:
Դատարանն արձանագրել է, որ դեպքը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա՝ տուժողի կողմից ամբաստանյալի հոր նկատմամբ ունեցած «հակակրանքի» ու կոպիտ արտահայտությունների արդյունքում: Դատարանը նաև արձանագրել է, որ ամբաստանյալի գործողությունները «պայմանավորված են եղել տուժող Գագիկ Զ.-ի հակաօրինական վարքագծով և ուղղված չեն եղել հասարակության դեմ»:
Դատարանը նշել է, թե նախաքննական մարմինը Խաչատուր Ե.-ի մեղավորությունը հաստատող առանցքային ապացույց է դիտել հենց տուժող Գագիկ Զ.-ի ցուցմունքը, բայց դատարանում Գագիկ Զ.-ն հրաժարվել է իր նախաքննական ցուցմունքներից: Քանի որ փորձաքննությամբ տուժողի հագուստի վրա կրակոցի արգասիքներ չեն հայտնաբերվել, դատարանը ապացուցված է համարել, որ Խաչատուրը կրակել է ոչ թե տուժողի ուղղությամբ, այլ՝ օդ:
Դատարանը արձանագրել է. «Խաչատուր Ե.-ի հայտարարությունը, թե դատավորն իր բարեկամն է, եղբայրը անձնագրայինի պետն է, ոստիկանությունն էլ է իրենը, ինքնին բավարար չէ նրա գործողություններում խուլիգանության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածով նախատեսված հատկանիշների առկայության փաստը հաստատելու համար, քանի որ նշված բառակապակցությունները չեն կարող վկայել խուլիգանության հանցակազմի օբյեկտիվ կողմի տարրերի մասին»:
Դատարանը Խաչատուր Ե.-ին արդարացրել է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Իսկ ապօրինի զենք՝ գազային ատրճանակ կրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 4-րդ մասով, քրեական գործի վարույթը կարճվել, Խաչատուր Ե.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ թե արդարացման, այլ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:
Խաչատուր Ե.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացվել է , գրավատուին կվերադարձվի 1 միլիոն դրամ գրավի գումարը:
1in.am