«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն պարզաբանում է տարածել 4 ամսական երեխայի մահվան դեպքի առնչությամբ:
Պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է.
««Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն լուռ ցավում է յուրաքանչյուր մահացած երեխայի համար, սակայն այս դեպքում հարկ ենք համարում արձագանքել մի դեպքի մանրամասներին ու տալ մեկնաբանություններ:
Օգոստոսի 19-ի գիշերը Սիսիանի հիվանդանոցից «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն են կապվել ու տեղեկացրել, որ ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ է ընդունվել 4 ամսական մի երեխա, ում մոտ առկա է եղել անհանգստություն, դժվար շնչառություն և նկատվում է վիճակի վատացում ու խնդրել են շտապ օգնություն:
«Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բժիշկները, կենտրոնի ռեանիմոբիլով անմիջապես մեկնել են Սիսիան և երեխային շտապ տեղափոխել Երևան: Օգոստոսի 20-ին գիշերը՝ ժամը 02:00-ին երեխան ծանր վիճակում ընդունվել է վերակենդանացման բաժանմունք:
Մի քանի ժամ անց շնչառական անբավարարության պատճառով երեխային միացվել է արհեստական շնչառության սարք: Ըստ մոր խոսքի, երեխան հիվանդ է եղել 6 օր:
Կենտրոնում անցել է անհրաժեշտ բժշկական հետազոտությունները, ախտորոշվել է սուր ռեսպիրատոր հիվանդություն, ինտերստիցիալ թոքաբորբ, շնչառական անբավարարություն |||, ցնցումային համախտանիշ, անբավարար փարթամություն: Կատարվել է նաև COVID-19 թեստավորում, որը բացասական է եղել: Արվել է հնարավոր բոլոր հետազոտությունները, ռենտգեն ու նեղ մասնագետների խորհրդատվություններ: Կատարվել է ողնուղեղային պունկցիա՝ նեյրոինֆեկցիայի ախտորոշման նպատակով: Ամբողջ ծավալով կատարվել է ինտենսիվ բուժում:
Մամուլում շրջանառվող լուրերը, թե երեխայի վիճակի մասին բժիշկները ինչպես հարկն է չեն տեղեկացրել ծնողներին՝ անհեթեթություն է: Օրը մի քանի անգամ երեխայի հորն ու մորը ներկայացվել է նրա ծանր վիճակի մասին՝ անձամբ բաժանմունքի ղեկավարի կողմից: Բացի այդ ծնողները նաև տեսակցել են երեխային, իմացել վիճակի ծանրության մասին և տեսել, որ երեխան շնչում է արհեստական շնչառության սարքով և բնական է, որ այս դեպքում երեխան հոր հետ խաղալ չէր կարող, ինչպես նշվում է հրապարակումներում։
Օգոստոսի 22-ին, ժամը 12-ին երեխայի մոտ ցնցումների ֆոնի վրա արձանագրվել է կենսաբանական մահ, որի մասին բաժանմունքի վարիչը՝ տնօրենի ներկայությամբ տեղեկացրել է երեխայի տատիկին:
Հնչում է անհամաձայնություն, թե հիվանդանոց եկած հարազատների հետ բժիշկները չեն հաղորդակցվել ու ներկայացրել մանրամասներ: Կրկնում ենք, բժիշկները շփվել ու շփվում են ծնողների հետ, նրանց բացակայության դեպքում նոր միայն տատիկ, հորաքույր, մորաքույր և այլն:
Շուրջ 10 հոգով այսօր խախտելով կարանտինայիվ վիճակը, հարազատները բարձրացել են վերակենդանացման բաժանմունք, տնօրենը լսելով նրանց բողոքներն ու դժգոհությունները հստակեցրել է հետագա քայլերը՝ տեղեկացնելով, որ դին պետք է գնա դատաբժշկական փորձաքննության և հարազատների հարցերին պատասխան կարող են տալ միայն իրավապահ մարմինները:
Հարազատներին հորդորվել է դադարեցնել աղմուկն ու դժգոհության գործողությունները՝ չխոչնդոտել բաժանմունքի աշխատանքը, ինչը հարազատների մոտ առանձին դժգոհություն է առաջացրել: Իրավիճակից ելնելով ստիպված ենք եղել կանչել ոստիկանության աշխատակիցներին, որպեսզի չխանգարեն մյուս երեխաների բուժման պրոցեսին։
Ցավում ենք երեխայի մահվան հետ կապված, սակայն ևս մեկ անգամ ուզում ենք շեշտել, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի անձնակազմը կատարել է առավելագույնը՝ երեխայի կյանքի համար պայքարում»:
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 4 ամսական երեխա է մահացել