Սինգապուրից ծրագրավորողները մշակել են ալգորիթմ, որը վերլուծում է փականի մեջ բանալին մտցնելու ձայները եւ տրամադրում է տվյալներ, որոնք թույլ են տալիս ստեղծել բանալու ճշգրիտ կրկնօրինակը: Թեմայի վերաբերյալ հոդվածը դեռ պատրաստվում է հրապարակման, բայց որոշ մանրամասներ ներկայացվել են համակարգչային տեխնոլոգիաների վերաբերյալ HotMobile 2020 համաժողովում, հայտնում է Planet-Today-ը:
Գիտնականները, որոնց խումբը գլխավորում է Սինգապուրի ազգային համալսարանից Սունդարայա Ռամեշը, ստեղծել են ալգորիթմ, որին բավարար է միայն փականի մեջ բանալին մտցնելու ձայնը, որպեսզի վերականգնի բանալու ձեւը: Ալգորիթմի առաջացրած տվյալները կարող են օգտագործվել 3D տպիչով բանալու կրկնօրինակներ ստեղծելու համար:
SpiKey ալգորիթմը, որի մասին պատմել են սինգապուրցի գիտնականները, դեռ հեռու է իդեալականից՝ այն միայն դեպքերի կեսում է թույլ է տալիս ստեղծել բանալիների ճշգրիտ կրկնօրինակները` փականի մեջ մտցնելու ձայնով: Բայց սա եւս ավելի քան տպավորիչ արդյունք է:
«Վեց ելուստով անգլիական փականի մեխանիզմը կարող է ունենալ 586,5 հազար դիրք: SpiKey ալգորիթմը ճանաչում է մոտ 330 հազար համադրություն: Ընդ որում, ձայնը վերլուծող ալգորիթմը կարող է առաջացնել մի քանի թեկնածու-տարբերակ՝ երբեմն դրանց թիվը հասնում է տասնհինգի: Բայց, սովորաբար, իջնում է երեք տարբերակի»,- նշում են համակարգի ստեղծողները՝ հավելելով, որ ալգորիթմը գործնականում օգտագործելը բավականին բարդ է, քանի որ ձայնագրվող ձայնի որակի համար նա ունի խիստ պահանջներ, գումարած՝ բանալին պետք է ճիշտ եւ հավասարաչափ տեղադրվի փականի մեջ: