Այսօր՝ օգոստոսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում «Մուրացան» ծննդատան շտապօգնության Honda մակնիշի ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս՝ բախվել է կովին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ շտապօգնության բժիշկը, բժշկուհին և նորածին երեխան մեկ այլ շտապօգնության մեքենայով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ կովը տեղում սատկել է:
Ոստիկանությունը պարզում է վարորդի, վիրավորների և կովի տիրոջ ինքնությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ճանապարհը եղել է առանց արտաքին լուսավորության, երկաթե արգելապատնեշների վրա բացակայում են լուսային փարոսիկները, իսկ կովի տերն էլ զրույցում ասում էր. «Ամեն օր իմ «Զազո» կովին տանում եմ նշված հատվածով, քանի որ թույլատրելի է, երկու կողմերում էլ տեղադրված է հատուկ նշան, որ այդ վայրով հնարավոր է տեղափոխել խոշոր եղջերավոր անասուն:
Իմ «Զազո» կովի մահվան մեջ ես մեղադրում եմ պատկան մարմիններին, ովքեր միջոցներ չեն ձեռնարկում նշված հատվածն ապահովեն արտաքին լուսավորությամբ ու լուսային փարոսիկներով»: