Փաշինյա՛ն Նիկոլ, ոգևորությամբ և անամոթաբար հայտարարում ես, որ չինովնիկներիդ պարգևավճարներ տալն այն եզակի միջոցն է, որը կստիպի նրանց կաշառք չվերցնել: Որքան պետք է մարդը դրամասեր լինի, որ չհասկանա՝ փողով հնարավոր չէ ազնվության և անկաշառության հասնել, որ շատ դրամից ավելի գայթակղիչը դրանից ավելի շատ դրամն է, և այն չինովնիկը, որ հնարավորություն ունի տասնյակ միլիոններ աշխատել, իր պաշտոնական դիրքը չարաշահելով, երբեք հետ չի կանգնի այդ գայթակղությունից՝ հանուն քո վճարած աշխատավարձի, եթե այդ չինովնիկը չունի բարոյական արգելքներ: Դու բոլորից լավ գիտես, թե որքան հեշտ է տրվել գայթակղությանը՝ մոռանալով բարոյական բոլոր արժեքները:
Իսկ ավելի ազնիվ չէ՞ր լինի, չինովնիկներիդ կաշառելու համար նախատեսված՝ պետբյուջեի հարյուր միլիոնավոր դրամները, գոնե առաջիկա սեպտեմբեր ամսին, ուղղեիր քո ապիկար կառավարության գործունեության արդյունքում սոցիալական ծանր կացության մեջ գտնվող այն ընտանիքներին, որոնք այս օրերին չգիտեն, թե որտեղից միջոցներ հայթայթեն՝ իրենց դպրոցահասակ երեխաներին դպրոց ճանապարհելու համար, թե՞, ըստ քեզ, Հայաստանում պետական բյուջեի միջոցները վայելելու իրավունք ունեն միայն նրանք, ովքեր նաև կաշառք վերցնելու հնարավորություն ունեն, իսկ տասնյակ հազարավոր հայ երեխաները, և հատկապես առաջին դասարանցիները, ովքեր հզոր Հայաստանի վաղվա կերտողներն են լինելու, զրկված են պետական աջակցության հնարավորությունից:
Հայ ընտանիքի համար երեխային դպրոց ճանապարհելը միշտ եղել է տոն, մինչդեռ հիմա այն դարձել է անտանելի բեռ, որը ոչ բոլոր ընտանիքների համար է հաղթահարելի:
Փաշինյա՛ն Նիկոլ, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը պահանջում է, որպեսզի օգոստոս ամսվա՝ չինովնիկներիդ հատկացվելիք պարգևավճարներն ամբողջությամբ բաժանես առաջին դասարանցիներին (նրանց ընտանիքներին):
Թո՛ղ առաջին դասարան գնացող աշակերտների ծնողները համոզվեն, որ իրենց թիկունքին ունեն Կառավարություն, որի համար կրթությունը ոչ թե ապրանք է, որը կարող են գնել միայն հարուստ խավերի ներկայացուցիչները, այլ՝ համընդհանուր իրավունք, որը հասանելի է հասարակության յուրաքանչյուր խավի՝ անկախ իր նյութական հնարավորություններից:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան