Օրերս միջադեպ է գրանցվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ Արա Դորվանյանի և Նիկոլ Փաշինյանի թիկնազորի միջև։ ՔՊ նախկին անդամը, տեսնելով վարչապետի ավտոշարասյունը, «Իմ քայլի» նախընտրական բուկլետներ է նետել վարչապետի շարասյան վրա և հայհոյել։ Միջադեպից հետո Դորվանյանին տարել են ոստիկանություն։
«Հրապարակ»-ի հետ զրույցում Արա Դորվանյանը հաստատել է տեղեկությունը՝ ասելով, որ դա իր քաղաքացիական ակցիան է եղել։ «Նույն օրը, երբ բուկլետները շփեցի իր ապակու վրա։ Ինքը չէր էլ սպասում։ Այդ բուկլետներն ինձ մոտ էին մնացել։ Ոստիկանությունում ասացին՝ ո՞նց, երկրի վարչապետի մեքենայի դեմը կտրո՞ւմ ես։ Ասացի՝ լավ եմ անում, ես ակցիա եմ արել, ոնց տեսել, սովորել եմ։
Ինքն ինչպես Սերժ Սարգսյանի ավտոշարասյան վրա էր բուկլետներ շպրտում, նույնն էլ ես իրեն եմ արել և իրավունք ունեմ, ո՞վ կարող է ինձ իմ խոսքի ազատությունից զրկել ու ինձ ասել, թե ոնց անեմ։ Մոտ 5 ժամի չափ մնացել եմ ոստիկանությունում, ու այնպես չէ, որ ես ինձ ոստիկանությունում ընկճված եմ զգացել։ Իմ խոսքը նաև այնտեղ եմ շարունակել, որ ես իրեն առճակատ բան ունեմ ասելու։ Ես իրենց հարցրի՝ ինչ-որ քրեորեն պատժելի բա՞ն եմ արել, քա՞ր եմ նետել, ընդամենը բուկլետները շփել եմ ու ապացուցել եմ, որ սուտասան է։ Ինձ հարցրին՝ բա ինչո՞ւ առձեռն չվերադարձրիր բուկլետները, եթե հետը մոտիկ ես, ասացի՝ մոտիկ չեմ, ես նման մարդու հետ չունեմ շփվելու։
Ես իշխանափոխությունից հետո իրենից գործ էլ չեմ ուզել, դրա համար լեզուս երկար է, շատ երկար է, որովհետև ամբիցիա չեմ ունեցել, սպասելիքներ չեմ ունեցել, ոչ մի ակնկալիք չեմ ունեցել»,-ասել է նա։
Արա Դորվանյանը թերթի հետ զրույցում հայտնել է, որ կուսակցությունից դուրս է եկել իր դիմումի համաձայն, մոտ 15 օր առաջ դիմում է գրել։ «Բայց մինչև դուրս գալս Ֆեյսբուքում գրառում եմ արել՝ լեսբուհի Լարա Ահարոնյանի պատճառով, որն ապականում է մեր արժեհամակարգը։ Ես ժամանակին չեմ իմացել, որ ինքը կուսակցությունում կա, որովհետև ես դա չեմ կիսում։ Մինչև այդ ես Նիկոլին շատ աջակցել եմ։ Սևան քաղաքում ես եմ իրեն դիմավորել, իմ տան մեջ հյուրասիրել, հաց ենք կիսել, իրեն ընդունել եմ որպես նորմալ մարդ, բայց զգացի, որ, չէ, սուտասանի մեկն է։ Իմ տան մեջ ասած իր ոչ մի խոսքը չի կատարել, մեր տան մեջ ես ու ընկերս իրեն հարցեր ենք ուղղել, ինքը մեզ ուրիշ բան է ասել, իշխանափոխությունից հետո լրիվ այլ բաներ է արել։
Իր պահվածքը, իր գործելաոճը չհամընկավ իր ասածների հետ, դրա համար ինքս լքեցի կուսակցությունը, գնացի դիմումս էլ գրեցի, և բոլոր տեղերում ես իր դեմքը ներկայացնում եմ, որ ինքը սուտասան է»,-ասել է նախկին ՔՊ-ականը։