Search
Close this search box.

Սպառնացել են, որ թուրքական բանտում ողջ չի մնա. ինչպե՞ս է ռուս տղամարդն անցել Ախուրյան գետն ու փախել Հայաստան

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Խալաթյանի, 7 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտել այս տարվա փետրվարին հայ–թուրքական սահմանն ապօրինի հատած ՌԴ քաղաքացուն։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգում հրապարակված դատավճռից։

«Ռուսաստանի երկաթուղային գծեր» ՓԲԸ–ի կապիտալ գործերով տեսուչ, 56-ամյա Գեորգի Կաբիոկովը 2020թ. փետրվարի 16-ին Թուրքիայից անցնելով Ախուրյան գետը, առանց պատշաճ թույլտվության հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը, որից հետո շարունակելով ճանապարհը ուղևորվել է սահմանամերձ Բագարան համայնք, որտեղ հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից և բերման ենթարկվել: Հայաստանում Կաբիոկովը գտնվել է հյուպատոսական հաշվառման մեջ, և ՀՀ տարածքում ստացել է ապաստանի իրավունք։ ՌԴ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով՝ առանց պատշաճ թույլտվության ՀՀ պահպանվող պետական սահմանը հատելու համար, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Առաջադրված մեղադրանքում Կաբիոկովն իրեն լիովին մեղավոր է ճանաչել։ Իր ցուցմունքում տղամարդը պատմել է, որ կնոջ հետ հանգստանալու նպատակով, 2020 թվականի հունվարի 16-ին ՌԴ-ից մեկնել է Թուրքիայի Անթալիա քաղաք։ Օրեր անց նա հյուրանոցում հանդիպել է մի քանի կանանց, որոնցից մեկը մարմնով հպվել է իրեն և հեռացել, ինչից հետո՝ գիշերը հյուրանոցի սենյակ են այցելել Թուքիայի ոստիկանության՝ Ժանդարմերիայի աշխատակիցներ և իրեն հրավիրել են մոտակա բաժին, որտեղ թարգմանչի և փաստաբանի մասնակցությամբ կազմել են արձանագրություններ։ Առավոտյան իրեն ուղեկցել են դատարան, որտեղ դատավորն ասել է, որ նա կասկածվում է հանցագործության մեջ, ուստի չի կարող բացակայել Թուքիայից։ Դատական նիստից հետո Կաբիոկովը վերադարձել է հյուրանոց, զանգահարել է Թուրքիայում գտնվող Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն և հայտնել իր հետ կատարվածի մասին, սակայն իրեն պատասխանել են, որ ոչնչով օգնել չեն կարող։ Դրանից հետո ինքը և կինը մեկնել են Անթալիայում գտնվող մեկ այլ հյուրանոց։ Փետրվարի 4-ին ռուս տղամարդը փաստաբան է վարձել, ով ծանոթանալով քրեական գործի նյութերին, առաջարկել է հնարավորության դեպքում լքել Թուրքիայի տարածքը, քանի որ իրեն սպառնացել է 8-12 տարի ժամկետով ազատազրկում։ Ըստ ցուցմունքի՝ այնուհետև տարբեր անձինք իրեն առաջարկել են 300.000 եվրո գումարի դիմաց լուծել իր նկատմամբ հարուցված քրեական գործը կարճելու հարցը, միաժամանակ սպառնալով, որ բանտում հայտնվելու դեպքում ողջ չի մնա։ Ինքը պահանջած չափով գումար չի ունեցել և այդ առաջարկներին չի համաձայնվել։ Այնուհետև` Թուրքիայից իրեն դուրս հանելու համար մի քաղաքացու մաս-մաս տվել է 16.000 դոլար գումար, որից հետո 2020 թվականի փետրվարի 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ավտոմեքենայով իրեն տեղափոխել են հայ-թուրքական սահման, որից հետո ինքը ինքնուրույն անցնելով գետը հատել է սահմանը։

Գործի դատաքննության ընթացքում ամբաստանյալն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել կատարածի համար և դատարանին միջնորդել արագացված կարգով դատական քննություն անցկացնել, ինչը դատարանը բավարարել է։ Պատիժ նշանակելիս, դատարանը Կաբիոկովի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և անձը բնութագրող հանգամանք է դիտել այն, որ նա զղջում է կատարածի համար, նախկինում դատապարտված, կամ այլ կերպ արատավորված չի եղել, խնամքին են՝ թոշակառու կինը և երկու չափահաս որդիները։

Դատարանի վճռել է Գեորգի Կաբիոկովին մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և այդ հոդվածի սանկցիայով դատապարտել ազատազրկման 7 ամիս ժամկետով: Նրա պատժի կրման սկիզբը հաշվվել է փաստացի արգելանքի վերցնելու՝ ձերբակալելու պահից։ ՌԴ քաղաքացու պատժի կրման ժամկետը կավարտվի մեկ ամսից և նա ազատ կարձակվի։

Please enter a valid URL