Հայոց ազգային սուրբ արժեքներով ապրող պատվախնդի՛ր Հայեր,
Երկուսուկես տարին բավարար էր՝ համոզվելու, որ Հայաստանի՝ մանիպուլյատիվ միջոցներով հասարակությանը խաբած օտարահպատակ իշխանությունը զբաղված է Հայաստանի ազգային և պետական ինստիտուտների ոչնչացմամբ՝ ի կատարումն իր արտաքին հովանավորների պատվերների:
Պատվախնդիր յուրաքանչյուր հայ զայրույթով է հետևում, թե օրվա իշխանավորներն ինչ վայրագությամբ են ոչնչացնում Հայոց ազգային ինքնության հիմքերը՝ Մայրենի լեզու, Հայոց Եկեղեցի, Հայոց պատմություն, Հայոց մշակույթ։
Բոլորդ էլ ապշած եք, թե ինչ արագությամբ են հարստանում իշխանության եկածները, և ինչ ծանր ու անելանելի վիճակում են ապրում հարյուր հազարավոր մեր հայրենակիցներն, ինչ արագությամբ են թալանվում Հայաստանի ընդերքը, ջրային և անտառային ռեսուրսները, իսկ պետական միջոցները, որ Հայաստանի քաղաքացիների կողմից մուծված հարկերն են, շռայլորեն բաժանվում են ապիկար ու օտարահպատակ չինովնիկներին:
Հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ իրենց խաբված են զգում, նրանք հուսահատության և անելանելիության մեջ են, և չեն հասկանում, թե մինչև երբ պետք է կործանվող այս վիճակը շարունակվի, և որն է այս վիճակից դուրս գալու ելքը:
Հուսահատության հետ համակերպվելը ելք լինել չի կարող, մենք իրավունք չունենք մեր Սուրբ Հայրենիքը թողնել մեր ազգային օրգանիզմը քայքայող թրքապաշտ, ազգադավ ուժերի տնօրինության տակ:
Շատ շուտով՝ սեպտեմբեր ամսին, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը ոտքի կանգնելու, համախմբվելու և միասնական ուժերով Հայաստանն ազգակործաններից ազատագրելու կոչով դիմելու է ազգային ոգով ապրող, իր հայրենիքը, ընտանիքը, լեզուն, պատմությունը և կրոնը պաշտպանելու պատրաստ, Հայաստանում իրավական և սոցիալական արդարություն հաստատել ցանկացող, ազնիվ ու բարեկեցիկ հասարակություն կառուցելու հավատը չկորցրած Հայորդիներին:
Մենք կո՛չ ենք անելու համախմբվել Ազատության հրապարակում, շարժվել դեպի Հանրապետության հրապարակ՝ Հայաստանում իսկական հեղափոխական փոփոխություններ իրականացնելու, մեր պապերի ու հայրերի Հայկական բարձրավանդակում, Հայոց ազգային էությանը հարիր, Քրիստոնյա, մեծ և հզոր միասնական Հայաստան կառուցելու նպատակով:
Հա՛յ Ազգ, պատրաստվի՛ր սեպտեմբերյան հաղթանակիդ:
Մեր Հավատքն անպարտելի՛ է,
Մեր ընթացքն՝ անկասելի՛,
Մեր հաղթանակն՝ անխուսափելի՛:
«Աստվա՛ծ, Հա՛յ Ազգ, Հայաստա՛ն»:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան