ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հրապարակվեց պարետի նոր որոշումը` արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված Հայաստանի ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների և կանոնների վերաբերյալ։ Կատարվել են հետևյալ առանցքային փոփոխությունները։
Վերաբացվել են՝
. Հանրակրթությունը, որը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ից
. Բուհական կրթությունը․ սեպտեմբերի 1-ից առկա ուսուցմամբ հաճախելու են միայն բակալավրիատի 1-ին կուրսերը, մնացածի մասով՝ իրականացվելու է հիբրիդային (հեռավար տեսական և առկա գործնական պարապմունքներ) եղանակով ուսումնական գործընթաց
. Ոչ ֆորմալ և շարունակական կրթությունը մի շարք ուղղություններով։ Միաժամանակ, դեռևս պահպանվում են սահմանափակումներն արտադպրոցական սպորտային, արվեստի և մշակութային խմբակների մասով
. Գրադարանները
. Թանգարանները
. Մշակույթի ոլորտը, այդ թվում՝ թատերահամերգային միջոցառումները և կինոցուցադրությունները, որոնք պետք է անցկացվեն բացառապես բացօթյա տարածքներում։
Սահմանվել են կանոններ՝
. Ոչ ֆորմալ և շարունակական կրթության ոլորտի
. Գրադարանների և թանգարանների
. Թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային միջոցառումների
. Օդանավակայանների և օդային ուղևորափոխադրումների համար։
Այսուհետ դիմակ կարող են չկրել՝
. Հեռուստահաղորդավարները, եթե հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում գտնվում են մենակ
. Հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգամանություն իրականացնող մասնագետները։
Կատարվել են փոփոխություններ հանրային սննդի ոլորտում գործող կանոններում, այդ թվում՝
. Թույլատրվել է բացառապես բացօթյա տարածքներում կենդանի երաժշտության հնարավորությունը
. Մեկ սեղանի շուրջ թույլատրվում է մինչև 8 անձի նստեցում՝ նախկին 5 անձի փոխարեն։